Lragir.am. Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հետ:
«Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան Առաքել Մովսիսյանի անցած մարտական ուղուն, խոսեցին ՀՀ արտաքին և ներքին մարտահրավերների, երկրի տնտեսական վիճակի… և մի շարք այլ հարցերի ու խնդիրների շուրջ, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև», ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունից չի հասկացվում՝ Շմա՞յսն է խոսել այդ խնդիրների շուրջ, թե երիտասարդներն են խոսել: Ըստ ամենայնի՝ երիտասարդներն են խոսել, թեեւ շատ հետաքրքիր կլիներ նաեւ Շմայսի կարծիքը ներքին ու արտաքին մարտահրավերների, տնտեսության եւ այլ խնդիրների շուրջ: Դե, էլ չենք խոսում նրա «անցած մարտական ուղու» մասին:
Շմայսը ներկայում խոշոր սեփականատեր է, կազինոների ու այլ օբյեկտների տեր: Անշուշտ, կոշտ քվոտավորված տնտեսության պայմաններում, նա այդ ամենի տեր է դարձել «անցած մարտական ուղու իրավունքով»: Շմայսը գեներալ Մանվելի թիկունքի գծով տեղակալն էր պատերազմի սկզբում, եւ նշանակալի «քաջագործություններ» է կատարել Հադրութի շրջանի մի քանի հայկական գյուղերում, որտեղ ապահովում էր «թիկունքը»՝ մթերքով: Այդ գյուղերում մինչ այժմ տհաճ հիշողություններ են մնացել:
Հարավային ճակատի հրամանատարները հիշում են Շմայսի գրեթե սակրալ արտահայտությունը, երբ մի անգամ առավոտ շուտ ժամանել էր Հադրութի պաշտպանական շրջանի շտաբ: Շմայսն այդտեղ այլանդակ հայհոյանքներ էր տեղացել, եւ երբ իրենից բացատրություն էին պահանջել, ընդ որում, Հայաստանից եկածները, իր այդ արարքի համար, նա մեկնաբանել էր՝ «Արա ախպեր, իրեք տարի ա ստե ազգի համար … ենք տալիս, ոշ մեկի պետքը չէ»: Հետաքրքիր է, երիտասարդներին նա ինչպե՞ս է ներկայացրել իր անցած մարտական ուղին:
Հիշվում է Շմայսի եւս մեկ սակրալ արտահայտություն, երբ լրագրողները նրան հարցրել էին Ազատության հրապարակում իրենց արժանապատվության, սոցիալական վիճակի համար նստացույց ու հացադուլ անող ազատամարտիկների մասին: Նա ասել էր, որ պատրաստվում էր մասնակցել մի խնջույքի, բայց ինտերնետով իմացել էր հացադուլի մասին ու գնացել նրանց տեսության, որպեսզի խնջույքում խղճի խայթ չզգա:
Երիտասարդ քաղաքագետները գուցե առաջին հերթին պետք է հետաքրքրվեին այդ ազատամարտիկներով, նրանց անցած մարտական ուղով, եթե ուզում են իրական պատկերացումներ կազմել պատերազմական տարիների իրադարձությունների մասին, որոնք էլ կանխորոշել են ներկայիս «ներքին ու արտաքին մարտահրավերները»: Նրանք հաստատ կպատմեին իրենց իմացած ճշմարտությունը, որովհետեւ մեջտեղ շահ չունեն, եւ հաստատ չունեն «պատերազմի իրավունքը»:  

Հայկ Արամյան