Հուլիսի 30-ից ուժի մեջ մտան Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում Ազգային ժողովի կողմից ապրիլի 30-ին կատարված փոփոխություններն ու լրացումները: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ Քրեական օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համապատասխանաբար մանր և զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող հավելվածները շարադրվել են նոր խմբագրությամբ' դրանք համապատասխանեցնելով միջազգային փաստաթղթերով նախատեսված ցանկին: Փոփոխությունները նախաձեռնած կառավարությունն ակնկալվում է, որ արդյունքում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել դյուրին կլինի: Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է մշակումն արգելված' թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի մանր և զգալի չափերը, իսկ ՀՀ քրեական օրենսգիրքը՝ մշակումն արգելված' թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող հավելվածներով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 110.2-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: Ըստ այդմ, օրենսգրքի հավելվածով սահմանված մշակումն արգելված' թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերը մանր չափերով ցանելը կամ աճեցնելն առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի (5 հազար դրամից 10 հազար դրամ) չափով: Զգալի չափերով ցանելը կամ աճեցնելն առաջացնում է տուգանքի նշանակում' նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի (10 հազար դրամից 30 հազար դրամ) չափով: