Եվրամիության դիվանագիտական հարցերով ղեկավար Քեթրին Էշթոնը մոտ 2 ժամ շարունակ զրուցել է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ. գրում է AFP-ն' հղում կատարելով Էշթոնի անձնական ներկայացուցիչ Մայկո Կոսյանիչին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էշթոնը երեքշաբթի օրը Կահիրեից ուղղաթիռով ուղևորվել է կալանքի տակ գտնվող Մուրսիին տեսակցելու:

Թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել հանդիպումը, չի հստակեցվում:

Էշթոնը երկուշաբթի օրվանից բանակցություններ է վարում Կահիրեում եգիպտական նոր իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ Մուհամմեդ Մուրսին եգիպտական զինվորականության կողմից հեռացվել էր իշխանությունից հուլիսի 3-ին զանգվածային դժգոհությունների ֆոնի վրա: