Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անունից Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին' խնդրելով պարզաբնել, թե որքանով է իրավաչափ Երևանի քաղաքապետի որոշումը' իր խորհրդականներին ոլորտային պատասխանատուներ նշանակելու մասին:

Նշենք, որ նման որոշում Տարոն Մարգարյանը կայացրել է հունիսի 18-ին:

Այսպիսով, ըստ «Բարև Երևան» խմբակցության, ստացվում է մի իրավիճակ, երբ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց իրավունք է վերապահվում համապատասխան ոլորտում համայնքային ծառայություն իրականացնող մասնագետներին՝ պաշտոնատար անձանց հրամաններ և հրահանգներ տալու: Բացի այդ, քաղաքապետի 4 տեղակալները, փաստորեն, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց աշխատանքները վերահսկելու իրավունք են ստացել:

«Բարև Երևան» խմբակցությունն արդրադատության նախարարին ուղղված իր նամակում նաև վերջին օրերի համար բավական արդիական օրինակ է բերում: «Մասնավորապես քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը, համաձայն վերոնշյալ որոշման, համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատանքները և պատասխանատու է դրա համար: Այսինքն՝ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ենթարկվում է քաղաքապետի խորհրդականին, որը հայեցողական պաշտոն է, իսկ Տրանսպորտի վարչության պետի պաշտոնը՝ համայնքային ծառայողի»,- գրված է «Բարև Երևան» խմբակցության նամակում:

Հեղինակ:
«Փաստինֆո»