Shamshyan.com. Կյանքի և ընտրության իրավունքների պայքարում ոչ միշտ է հաղթում կյանքի իրավունքը: Սոցիալական դժվար պայմաններում հայտնված կամ ամուսին չունեցող պտղաբեր կանայք երբեմն ընտրում են աբորտն ու արգելում մարդուն լույս աշխարհ գալ: Աբորտի դեմ կիրառվող բարոյական հորդորները հիմնված են առ Կյանք ու առ Աստված հավատի վրա: Աբորտի կողմնակիցները կարծում են, թե կինն իրավունք ունի ընտրելու' ուզո՞ւմ է մայրանալ, թե՞ ոչ, և աբորտ կատարելու որոշում ընդունելն, իբր կնոջ իրավունքն է: Պատասխանատու գործիչների մեծ մասն անդրադարձել է Հայաստանի ժողովրդագրական խնդրին, կարևորել ծնելիության աճը: Կառավարություններից մի քանիսը բոնուսներ են սահմանել ծննդկանների և բազմազավակների համար: Սակայն դրանք բավարար չեն: Այդ իմաստով ուշագրավ է որոշ ժողովուրդների փորձը, որոնք կարողացել են կարճ ժամանակում բազմապատկել բնակչության թիվն ու նկատելի դիրք գրավել աշխարհում: Ուշ միջնադարում բողոքական քարոզիչներից մեկը, նպատակ ունենալով բազմապատկել իրենց հետևորդների թիվը, առաջ քաշեց հետևյալ դրույթը. «Ամենաաստվածահաճո գործը երեխա ունենալն է: Երեխա ունեցողի բոլոր մեղքերը ներվում են»: Այդ դրույթը կյանքի կոչվելուց հետո միայնակ մայրերը, որոնք մինչ այդ հանդիմանանքի, երբեմն էլ հալածանքի էին ենթարկվում, սկսեցին վայելել համայնքի հովանավորությունն ու հարգանքը: Մայրերի արդարության վրա ոչ ոք իրավունք չուներ կասկածելու: Այսպիսի արդյունավետ գործիքների օգնությամբ բողոքականներն արագ բազմացան և լուրջ կշիռ ունեն ամբողջ աշխարհում: Ներկայիս Գերմանիայում երեխաների 62%-ը ծնվում է արտամուսնական կապերից, և այդ երկիրը աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է: Եվս մեկ օրինակ: Սիկխ ժողովուրդը ձևավորվել է 16-րդ դարում, հնդկական տարածքներում: Սիկխերն արևելքում առաջինն են ազատություն տվել կնոջը: Երբ կինը մայրանում էր, նա սկսում էր վայելել համայնքի հարգանքը: Սիկխը միշտ պատրաստ էր պաշտպանելու կնոջը: Այդ պատճառով սիկխը մշտապես զինված էր: Իսկ մայրերին պաշտպանելու համար կռվելը համարվում էր սիկխի սրբազան պարտքը: Սիկխերը կարճ ժամանակում իրականացրին մարդկային երազանքներից մեկը' կառուցեցին ոսկե տաճարը: Ուշագրավ են չինացիների, արաբների, մոնղոլների, անգլիացիների հաջողությունների օրինակները, որտեղ ևս նշանակալի է կնոջ և մայրերի նկատմամբ հատուկ վերաբերմունքը: Այդ, առաջին հայացքից, միջանձնային, ընտանեկան խնդիրը քաղաքական նշանակություն ունի, և այն ժողովուրդները, որոնք այդ հասկացել են, նկատելի ձեռքբերումներ են ունեցել: Իսկ ովքեր չեն հասկացել, կորցրել են այն, ինչ ունեին կամ կարող էին ունենալ: Կնոջ և մայրերի նկատմամբ հանրային վերաբերմունքը վերանայելը միայն ժողովրդավարական պահանջ չէ, այլ ազգային անվտանգության խնդիր: Քանի դեռ կինն ընկալվում է որպես երկար մազերով, ներկած երեսով մարդանման էակ, իսկ մայրը խոհանոցային աշխատանքի հերոս, ապա նախաձեռնողական, նվաճողական, ինչպես նաև, պաշտպանական ազգային ծրագրեր մշակելն ու արդյունք ակնկալելն անիմաստ է:

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ