Ամերիկացի զբոսաշրջիկը Ֆլորենցիայի թանգարանում պատահականորեն վնասել է Մարիամ Աստվածածնի արձանը: Ինքը՝ ամերիկացին պնդում է, որ չի ունեցել որևէ չար մտադրություն: Սակայն իտալական իշխանություններն այլ կերպ են մտածում և հայտարարել են, որ ամենայն հավանականությամբ զբոսաշրջիկի դեմ կհարուցվի հուշարձանին վնաս հասցնելու մեղադրանք, հաղորդում է «vesti.ru»-ն:

Ամերիկացին կոտրել է «Museo dell'Opera del Duomo» թանգարանում գտնվող արձանի մատը: Օգոստոսի 5-ին մասնագետները ուսումնասիրել են ավելի քան 600 տարվա հնություն ունեցող ցուցանմուշին հասցված վնասը: Թեև մեղավորը ներողություն է հայցել պատճառած վնասի համար, բայց ֆլորենտական իշխանություններին դա չի բավարարել:

«Daily Mail» պարբերականը հաղորդում է, որ թանգարանի անվտանգության աշխատակիցները ամերիկացի այցելուին ձերբակալել են, երբ նա փորձել է չափել մարմարակերտ Մադոնայի մատի երկարությունը: Սակայն արդեն ուշ է եղել: Մատը պոկվել է և դեռ, նույնիսկ, հստակ չէ, թե ում օգնությամբ՝ զբոսաշրջիկի, թե՞ անվտանգության աշխատակիցների:

Սակայն, ավելի ուշ պարզվել է, որ կոտրված մատը չի հանդիսանում 14-15 դարերում ստեղծագործած ֆլորենտացի վարպետ Ջովանի դ՛ Ամբրոջոյի բնօրինակ արձանի բնօրինակ մասը: Մատը այդ քանդակին է ամրացվել ավելի ուշ և այն, ինքնին, իրենից արժեք չի ներկայացնում:

Բայց և այնպես, փորձագետները դժվարանում են ասել , թե որքան կարժենա արձանին հասցված վնասի վերականգնումը: Ահա թե ինչու առայժմ դեռ պարզ չէ, թե որքան պիտի վճարի ամերիկացին նշանակված տուգանքին վերադիր: