Լուրեր.com-ի զրուցակիցն է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Պարո՛ն Բալասանյան, մոտ 1 տարի է՝ ինչ Գյումրու քաղաքապետն եք: Ի՞նչ է փոխվել Գյումրիում Ձեր ղեկավարության օրոք:

Արդեն մոտ տաս ամիս է, ինչ զբաղեցնում եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնը և այս ընթացքում քաղաքում կատարված աշխատանքը հակիրճ ներկայացնելը շատ դժվար է: Իսկ եթե ամեն դեպքում փորձեմ խոսել առարկայական ձեռքբերումներից, ապա կառանձնացնեմ նախ այն, որ կամաց-կամաց դրական իմաստով քաղաքում փոխվում է բարոյահոգեբանական մթնոլորտը։ Այս ընթացքում մեզ հաջողվեց բարձրացնել ավագանու ինստիտուտի դերը և այսօր վստահաբար կարելի է ասել, որ Գյումրի համայնքի ավագանին ամենաակտիվներից ու նախաձեռնողներից մեկն է հանրապետությունում։ Նիստերին ոչ միայն ներկա են լինում ԶԼՄ-ներ ու ՀԿ-ների ներկայացուցիչներ, այլև այն հեռարձակվում է նաև օնլայն ռեժիմով: Ինչ վերաբերվում է քաղաքի արտաքին տեսքին, ապա գաղտնիք չէ, որ Գյումրու փողոցները գտնվում էին աղետալի վիճակում։ Կային կենտրոնական փողոցներ, որոնք նույնիսկ անանցանելի էին մեքենաների համար և դրանց վերականգնման համար մեզանից հսկայական ֆինանսական միջոցներ և աշխատանք պահանջվեց։ Մենք փոսերից ազատել ենք և հիմնանորոգել ենք շուրջ 41 փողոցներ և 7 հրապարակներ, կատարել ենք գծանշումներ։ Այս պահին ևս շարունակվում են փողոցները կարգի բերելու աշխատանքները: Այս ընթացքում մենք ստացել ենք կառավարության աջակցությունը և մշտապես համագործակցել ենք մարզպետարանի հետ: Մյուս կարևոր ուղղությունը, որտեղ մենք ակնհայտ հաջողություն ենք գրանցել դա աղբահանությունն է։ Դեռևս անցած տարի Գագիկ Ծառուկյանի կողմից նվեր ստացանք 10 աղբատար մեքենա, որոնց կարիքը քաղաքը շատ ուներ և այսօր կատարում ենք քաղաքի աղբահանությունը հիմնականում այդ մեքենաներով: Ավելացվել են բազմաթիվ նոր աղբամաններ, տարբեր հատվածներում կառուցում ենք աղբարկղերն առանձնացնող բետոնե պատնեշներ: Իհարկե ոլորտում ձեռքբերումները շատ են, սակայն Գյումրիում մինչև այսօր էլ դեռևս գոյություն ունի հետերկրաշարժյան շրջանի շինարարական աղբի հսկակայական կուտակումներ, ինչը շատ լուրջ խնդիր է: Շատ կարևոր էր տրանսպորտի ոլորտում վերջերս կատարված փոփոխությունը, երբ քաղաք ներկրվեց 10 նոր ավտուբուս, ինչը նույնպես շատ անհրաժեշտ էր մեր քաղաքին և այսօր արդեն մասնակիորեն քաղաքացին հնարավորություն ունի երթևեկել քաղաքակիրթ ու արժանապատիվ ձևով: Քաղաքում ավելացել են լուսակետերը, տեղադրվել են նոր լուսաֆորներ, ժամանակին վճարվում են աշխատավարձերը, բարեփոխումներ են կատարվում տարբեր ոլորտներում, ավելացել են փողոցային ցուցանակները և որ ամենակարևորն է՝ աշխատում ենք շատ բաց և թափանցիկ:

Քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո լուրեր տարածվեցին, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Ձեզ որպես «ժառանգություն» մեծ պարտքեր է թողել, որոնք պետք է վճարի քաղաքապետարանը: Ավագանու վերջին նիստի ժամանակ ի հայտ եկավ ևս մեկ պարտքի աղբյուր («Աջակից ընկերներ» կազմակերպություն): Ի՞նչ ազդեցություն կունենա այդ գումարների դուրսգրումը քաղաքի հետագա ծախսերի վրա:

Իրականում Գյումրին զարգացնելու համար պետք են մեծ գումարներ, պետք են ներդրումներ, իսկ այն ինչ հիմա մենք անում ենք՝ անում ենք ժողովրդական լեզվով ասած «Լումա առ լումա» գումար հավաքելով և ծախսերը կրճատելով: Որպես քաղաքապետ ես հրաժարվել եմ ինձ համար նախատեսված բյուջետային հատկացումներից, մասնավորապես չունեմ ծառայողական մեքենա, չեմ օգտվում քաղաքապետարանի կողմից գնվող բենզինից, աշխատավարձս փոխանցվում է հիմնադրամի հաշվին և այլն: Իսկ թե այսպիսի պայմաններում ինչ է նշանակում նախկինում կուտակած պարտքերի մարումը՝ ինքներդ պատկերացրեք:

ՀՀ կառավարության կողմից 12.06.2008թ. նիստի N 23 արձանագրությամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշումը: Վերահսկիչ պալատը, 2012 թվականի իր զեկույցում անդրադառնալով տեխնոպարկի կառուցմանը, նշել էր. «Դեռևս հայտնի չէ, թե, վերջիվերջո, որքան է տևելու Տեխնոպարկի ձևավորման ծրագիրը, այսինքն՝ չկա նախանշված ծրագրի ավարտ, չկա քայլերի հաջորդականություն, ակնկալվող արդյունքները չափելի չեն, պատասխանատվության շրջանակը նույնպես հստակ չէ: Հնարավոր ոիսկերի առումով ծրագիրը գնահատված չէ, այսինքն՝ ռիսկերի կառավարումը նույնպես հստակ չէ: Ամեն ինչ առավել քան անորոշ է»: Ի՞նչ կասեք այս մասին:

Նախ ասեմ, որ Գյումրու գլխավոր խնդիրը դա աշխատատեղերի սակավությունն է, իսկ դրանց ստեղծման հեռանկար Տեխնոպարկի գործարկման պարագայում իսկապես կա, ասեմ ավելին՝ խոսքը հարյուրավոր նոր աշխատատեղերի մասին է: Համաձայն ծրագրի, մինչև նոյեմբեր ամիս կբացվի տեխնոպարկի կենտրոնական շենքը, իսկ Գյումրին իր հնարավորությունների շրջանակներում միշտ պատրաստ է աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը, մասնավորապես մի քանի ամիս առաջ լրացուցիչ 50 հա հողի հատկացում եղավ Տեխնոպարկին: Կարճ ասած՝ այս հսկայածավալ ծրագրի գործարկման պարագայում հնարավոր կլինի լուծել հատկապես երիտասարդների զբաղվածության հարցը, ասեմ նաև, որ այսօր արդեն իսկ գործում է երիտասարդների թիմ, ովքեր ունեն համապատասխան տարածք և պատրաստում են նաև տեխնոպարկում աշխատելու համար ապագա կադրեր:

Վերջերս, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացավ, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։ Քաղաքացիական հասարակության ընդվզման արդյունքում Տարոն Մարգարյանը կասեցրեց իր որոշումը: Ի՞նչ ազդեցություն կունենա այս բողոքի ալիքը Գյումրիում, եթե այդտեղ ևս լինի տրանսպորտի սակագնի բարձրացում:

Գյումրի քաղաքում երթուղիներ սպասարկող և ոչ մի ընկերություն ուղևորափախադրման գնի բարձրացման հայտ չի ներկայացրել: Գյումրիում աղքատության բարձր մակարդակ կա և տրանսպորտի հնարավոր թանկացման պարագայում դա շատ վատ կանդրադառնար քաղաքացիների վրա: Կրկնում եմ՝ տրանսպորտի գնի բարձրացման հայտ մենք չենք ստացել:

Դուք՝ որպես քաղաքապետ, ինչքա՞ն ժամանակ եք ակնկալում Գյումրին ամբողջովին վերակառուցված տեսնելու համար։

Գյումրու զարգացումը շարունակական պրոցես է և չպետք է ունենա ավարտ: Այն կարող է լինել փուլերով, սական ավարտ երբեք ունենալ չի կարող: Մենք պետք է հասնենք նրան, որ մեր սիրելի քաղաքը վերականգնի իր երբեմնի փառքն ու տնտեսական հզորությունը: Օրինակ այս պահի դրությամբ կան սփյուռքահայ ներդրողներ, ովքեր ուզում են ներդրումներ անել, մասնավորապես քաղաքի տեքստիլ արդունաբերության ոլորտում, կան սպորտի ոլորտում ևս ներդրումային մի շարք ծրագրեր: Միանգամից քաղաքը վերականգնել հնարավոր չէ, սակայն այսօր սկսվել է մի գործընթաց, որը բավական լավատեսական ենթադրությունների հիմք է տալիս: Որպես քաղաքապետ՝ ես անելու եմ ամեն ինչ, իմ սիրելի քաղաքի համար։ Շատ դժվար է լինել այսքան խնդիրներ ունեցող քաղաքի քաղաքապետ, սակայն միաժամանակ Գյումրու նման քաղաքը ղեկավարելը և դա գրագետ անելը մեծ պատիվ է ցանկացած հայի համար:

Ազատուհի Արասխանյան