Lragir.am. Հայաստանի տնտեսական համակարգում մեծ տրանսֆորմացիաների սկիզբ կարող է դառնալ օլիգարխների ձեռնարկություններին պետական տենդերներից զրկելը: Անկասկած, «արտոնյալ» ձեռնարկությունների տեղը կզբաղեցնեն այլ ընկերություններ, եւ հազիվ թե «ազնիվ մրցակցության» արդյունքում: Սակայն փաստը, որ մի շարք օդիոզ օլիգարխների մերժել են պետական պատվերներ տալ, փոփոխությունների մասին է վկայում:
Սամվել Ալեքսանյանի ընկերությունները, այդ թվում, Ալեքս Գրիգը, Նատալի Ֆարմը եւ Լուսաստղ Շուգրը չեն կարող մասնակցել պետական գնումներին: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանի ընկերություններն են պետական պատվերով շաքար, դեղեր եւ այլ ապրանքներ մատակարարում: Ավելին, Սամվել Ալեքսանյանը շաքար է մատակարարում մենաշնորհային կարգով, եւ պետական տենդերներից նրան հանելը նշանակում է, որ շուկա պետք է նոր ընկերություններ մտնեն:
Սա կարելի է Տիգրան Սարգսյանի առաջին հաղթանակը համարել, ով արդեն երկար ժամանակ է փորձում է «հին» մենաշնորհատերերին դուրս մղել տնտեսության հիմնական ոլորտներից: Դա քիչ էր մնում հաջողվեր քաղավիացիայում, երբ «հանգստի ուղարկվեց» Միկա Բաղդասարովը: Դա չհաջողվեց ներմուծման ոլորտում: Սամվել Ալեքսանյանն այդպես էլ թույլ չտվեց, որ Հայաստանում Կարֆուր բացվի:
Սակայն այժմ Տիգրան Սարգսյանն անցել է հիմնական ոլորտին, որտեղ պտտվում են բյուջետային հիմնական գումարները: Պետգնումների ոլորտը «օկուպացրած» մի քանի ընտանիքները փաստորեն պետբյուջեի գլխավոր «ուտողներն են»: Տնտեսության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից կարեւոր է նրանց զրկել պետբյուջեի «անցաթղթից»:
Հաջողվե՞լ է Տիգրան Սարգսյանի հաղթել Սամվել Ալեքսանյանին: Ալեքսանյանի «լռությունը» նշանակում է, որ նա նույնպես հասցրել է «դիվերսիֆիկացվել» եւ նոր ընկերություններ գրանցել, որոնք մասնակցելու են տենդերներին: Եվ եթե կառավարությունն իրոք շահագրգռված է պետպատվերների համակարգի դիվերսիֆիկացիայով, ապա պետք է տենդերները բաց ռեժիմով անցկացնել, որպեսզի հասարակությունն իմանա ում եւ ինչի համար են տրվում բյուջեի միջոցները:
Պետբյուջեն դադարել է իշխանության սեփականությունը լինել, որը բաշխում էր ըստ իր հայեցողության: Հանրությունը սկսել է գիտակցել, որ բյուջեն իր փողն է եւ սկսել է հարցեր տալ՝ ու՞ր են գնում փողերը, ինչու՞ են բաժին հասնում մի քանի ընտանիքների, ինչու՞ ոչ ոք հաշվետվություն չի տալիս:
Հայաստանի հասարակությունը փոխվել է, չնայած որ չի ցանկանում հավատալ դրան: Սակայն արդեն հավատացել է կառավարությունը, որն առայժմ հայտարարությունների մակարդակով հաշվի է նստում հասարակության կարծիքի հետ:  

Նաիրա Հայրումյան