Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել արդեն տևական ժամանակ նստացույց անող ազատամարտիկները: mediamall.am-ի թղթակցի փոխանցմամբ' հանրահավաքի վերջում ելույթով հանդես եկավ նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ես շատ ուրախացա, երբ տեսա, որ այսօր հավաքված քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան անցած անգամ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը աջակցում է ազատամարտիկների պայքարին: Առավել ևս, մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, որ իրենք հասկանում են' երկրում առկա ծանրագույն խնդիրների լուծումը համակարգային փոփոխությունն է: Սա սոցիալական խնդիր չէ միայն, սա օրինականության, արդարության խնդիր է, իսկ սոցիալականը միայն ածանցյալ է այն համազգային խնդիրներին, որոնք առկա են:

Մենք ողջունում ենք ազատամարտիկներին, նրանց ձգտումը, որ ուզում են երկրում ինչ-որ փոփոխություններ կատարել: Այսօր շատերը խփում են կուսակցականներին, բայց մենք պատրաստ ենք միասնական պայքարելու: Մենք ևս ՀՀ քաղաքացի ենք. պետք չէ' մեր ուժերը ջլատենք: Ուժերի համալրում է պետք: Բոլորը պետք է միասնական պայքարեն, և դա է, որ մեզ բերել է այստեղ: Ես հույս ունեմ, որ այս պայքարը ավելի մեծ ծավալ է ընդունելու. բոլոր հոսանքները գալու են մեկ տեղ՝ Ազատության հրապարակ: Չհուսահատվե'ք, մենք միասնական հաղթեցինք ղարաբաղյան պատերազմում»,- իր ելույթում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք նաև, որ ազատամարտիկներին իրենց աջակցությունը հայտնեցին նաև Գրողների Միությունից:

Հանրահավաքի վերջում մասնակիցները երթով շարժվեցին դեպի Քաղաքապետարան, որտեղ երիտասարդները արդեն մի քանի օր է' նստացույց են անում և հրաժարականներ պահանջում: