civilnet.am-ը գրում է.

Լոզանի պայմանագրով շատ հստակ սահմանված է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների (հայ, հույն, հրեա) սեփական դպրոց, եկեղեցի, այլ հասարակական կառույցներ ու կալվածքներ ունենալը, ղեկավարելը, պահպանելն ու զարգացնելը: Պետությունը պարտավոր էր նյութական աջակցություն ցուցաբերել ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ ազգային կրթական հաստատություններին, մամուլին:

Ամրագրված է օրենքի առաջ հավասար լինելու, քաղաքական իրավունքներից օգտվելու, ազատ տեղաշարժվելու, իր լեզուն պահպանելու և օգտագործելու, ցանկացած պետական և ոչ պետական կառույցում աշխատելու և աշխատանքի ժամանակ ոտնձգություններից ու ճնշումներից պաշտպանվելու իրավունքը:

Կարճ ասած Լոզանի պայմանագիրը, հակառակ որոշ թուրքերի և հայերի կարծիքի, ոչ թե արտոնություններ է ընձեռում, այլ հայերին հնարավորություն է տալիս 1915-ից հետո իրավահավասար քաղաքացիներ լինել Թուրքիայում՝ այսինքն «թուրքերին արգելում է ուտել հայերին»:

Թուրքիայում որևէ գրված օրենք չկա հայերին պետական աշխատանքի՝ աղբահավաքից մինչև նախարար, զինվորական ծառայության՝ բացառությամբ պարտադիր զորակոչային, չընդունելու, սակայն տասնամյակներ շարունակ կիրառվել է չգրված օրենքը, որի համաձայն հայերը զերծ են մնացել պետական կյանքին մասնակցությունից: Ավելի ուշ արդեն հայերը նույնիսկ չէին էլ դիմում պետական պաշտոնների համար:

Զարմանալի չէ, որ թուրք հասարակության լայն շրջանակներում դեռ մութ է, որ հայերը չեն կարող որևէ պետական պաշտոն զբաղեցնել: Երբ ես հայերի գաղտնի կոդավորման բացահայտումից առաջ ներկայացնում էի նման սահմանափակումների առկայությունը, իմ թուրք ընդիմախոսները թերահավատությամբ հերքում էին նման հնարավորությունը՝ «հիմնավորելով», որ դա հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, և պետությունը՝ հանձինս չինովնիկների, չի կարող տեղեկանալ մարդու ազգության մասին:

Հատկանշական է, որ ես կոնկրետ օրինակներից բացի, սկսեցի փաստեր բերել պետության կողմից հայ քաղաքացիների ընդհանրական նույնականացման մասին՝ նշելով հայերի անձնագրերի սերիայի սկզբի 31 թվանշանի առկայությունը: Ինձ չհավատացողներից մեկը, որ Մալաթիայից էր, գրպանից հանեց սեփական անձնագիրը և հայտարարեց, որ ինքը թուրք է, իր ընտանիքում թուրքեր են, սակայն իր անձնագրի համարը ևս սկսում է 31-ով, ինչը վկայում է իմ անտեղյակության կամ զրպարտության մասին: Չկարողանալով զսպել վրդովմունքս, նրան խորհուրդ տվեցի ուսումնասիրել սեփական ընտանիքի արմատները: Կարճ ժամանակ անց «զտարյուն թուրքն» ինձ տեղեկացրեց, որ իր պապն ապրել է Մալաթիայի հայկական գյուղերից մեկում….

Մանրամասները՝ civilnet.am-ում