«Ես՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիս, միանում են ներկայացված դատական հայցին ընդդեմ Լևոն Տեր Պետրոսյանի, առ այն, որ նա 1995թ-ին կեղծելով սահմանադրական հանրաքվեն ժողովրդից խլեց իշխանությունը». այս օրերին նշված բովանդակությամբ ստորագրահավաք է իրականացվում ՀՀ քաղաքացիների շրջանում: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Aravot.am-ը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում այս ստորագրահավաքի իրականացումը և ի՞նչ քայլեր են նախաձեռնելու: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Իշխանությունը ժողովրդի ուշադրությունը շեղելու ձևեր է փնտրում: Փոխանակ օֆշորային սկանդալին, գների թանկացման, գազի գնի հետ կապված հարցերին պատասխան տան, իշխանությունը այդ խոսակցությունները մոռացության մատնելու համար պատմություններ է հիշում»:

Այն հայտարարության մեջ, որի տակ պետք է ստորագրեն ՀՀ քաղաքացիները՝ նշված է. «1995թ-ին Հ.Հ. Ազգային ժողովի որոշման համաձայն հանրաքվեի դրվեց ավտորիտար պետական կառավարման համակարգ ներկայացնող Սահմանադրության նախագիծ: Այն հակասում էր պետական իշխանության տարանջատման և հակակշիռների հաստատման ժողովրդավարական սկզբունքներին, ինչպես նաև Սահմանադրության անհերքելի և փոփոխման ոչ ենթակա 1-ին և 2-րդ հոդվածներին, որոնք չնայած բոլոր անօրինականությունների մնացին անփոփոխ: Այդ նախագծով պետության ողջ կառավարումը կենտրոնացվում էր Հ.Հ. նախագահի և որոշ չափով Ազգային ժողովի մեծամասնության ձեռքում: Հ. Հ քաղաքացիները զրկվում էին հանրաքվե նախաձեռնելու իրենց իրավունքից, որը ամրագրված էր Հայաստանի Հանրապետության հռչակագրում և 1991թ-ին օրենքի տեսքով ամրագրված էր և հաստատված Գերագույն խորհրդի կողմից»:

Այս առիթով պարոն Խաչատրյանը պարզաբանեց. «Ամեն ինչ տեղի է ունեցել օրինականության շրջանակներում, հրապարակային, այդ ժամանակվա գործող օրենսդրության շրջանակներում: Իշխանությունը սեպտեմբերից և տարվա ավարտից լավ ակնկալիքներ չունի, գումարած տնտեսական վիճակի վատացումը, ՌԴ տնտեսական վիճակի վատթարացումը, որը ազդելու է ՀՀ տնտեսության վրա: Այս քայլը շատ բնորոշ է իշխանությանը, առանց նրա միջամտության ոչ ոք նման նախաձեռնություն չէր ցուցաբերի»:

Մանրամասները՝ այստեղ: