«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն շարունակում է պնդել, որ ընկերությունը սիրով պատրաստ է դրոշմավորել «Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակը, ինչպես Պետական եկամուտների կոմիտեն է պնդում, եթե ՀՀ օրենսդրության մեջ օրենքով սահմանված կարգով կատարվի համապատասխան փոփոխություն և պարտադիր դրոշմավորման ենթակա դառնան նաև 2101 ծածկագրով դասակարգվող ապրանքատեսակները։

Պատասխանելով Tert.am-ի հարցմանը' ընկերության մամուլի ծառայությունից ի գիտություն ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի, ով ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ եթե հարկատուն խուսափում է պիտակավորումից, ուրեմն իր մոտ գոյություն ունի ստվեր, պատասխանել են, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը ՀՀ սննդի արդյունաբերության ամենախոշոր ընկերությունն է և այդ ոլորտի ամենախոշոր հարկատուն: Ընկերությունն իր գործունեությունը միշտ ծավալել և ծավալում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Ընկերության մամուլի բաժնից ստացած գրավոր պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայտնում ենք, որ ՀՀ ՊԵԿ և «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ միջև հակասությունն առաջացել է «Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակի պարտադիր դրոշմավորման խնդրի հետ կապված: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9.2 հոդվածով սահմանված է ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված' շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված այն ապրանքների ցանկը, որոնց վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է:

ՀՀ ՊԵԿ-ը պնդում է, որ «Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակը նույնպես ընդգրկված է այդ ապրանքների շարքում և ենթակա է պարտադիր դրոշմավորման: Ըստ «Անկախ Պետությունների Համագործակցության Արտաքին Տնտեսական Գործունեության Ապրանքային Անվանացանկի» (154,155 էջեր) սուրճի հիմքով բոլոր ապրանքատեսակները դասակարգվում են ԱՏԳ ԱԱ 2101 ծածկագրով, սակայն ըստ ՀՀ ՊԵԿ-ի՝ սառը բնական սև սուրճը դասակարգվում է ԱՏԳ ԱԱ 2202 ծածկագրով: Սակայն ԱՏԳ ԱԱ 2202 ծածկագրով դասակարգվում են ոչ թե սուրճի հիմքով, այլ ջրի հիմքով ապրանքատեսակները:

Համաշխարհային Մաքսային Կազմակերպության Ներդաշնակեցված Անվանացանկի համակարգում (վերջին' 2012թ. խմբագրություն) նույնպես սուրճի հիմքով ըմպելիքները դասակարգված են 2101 ծածկագրով: ՊԵԿ-ի պնդումներն այն մասին, որ սառը բնական սև սուրճը դասակարգվում է 2202 ծածկագրով, հակասում են ՀՀ և միջազգային օրենսդրությանը: Աշխարհի որևէ երկրում սուրճի հիմքով արտադրատեսակը չի դասակարգվում 2202 ծածկագրով, ուստի այդ արտադրատեսակը չպետք է դրոշմավորվի:

«Գրանդ Քենդի» ընկերությունը ՀՀ սննդի արդյունաբերության ամենախոշոր ընկերությունն է և այդ ոլորտի ամենախոշոր հարկատուն: Ընկերությունն իր գործունեությունը միշտ ծավալել և ծավալում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: «Գրանդ Քենդին» երբեք չի խուսափել և այսօր էլ չի խուսափում կատարել իր հարկային պարտավորությունները, բայց միայն ՀՀ օրենսդրության սահմաններում: Եթե ՀՀ օրենսդրության մեջ, օրենքով սահմանված կարգով, կատարվի համապատասխան փոփոխություն և պարտադիր դրոշմավորման ենթակա դառնան նաև 2101 ծածկագրով դասակարգվող ապրանքատեսակները, ապա «Գրանդ Քենդի» ընկերությունը սիրով պատրաստ է դրոշմավորել «Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակը»: