Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վիճել են Բաթում ժամանած ամերիկյան «Բալքլի» ռազմանավի տախտակամածին կազմակերպած ընդունելության ժամանակ, գրում է «Интерфакс»-ը:

Օգոստոսի 11-ին կայացած ընդունելության ընթացքում Իվանիշվիլին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմին' հայտարարելով, որ այդ հակամարտության ողջ պատասխանատվությունն ընկնում է Վրաստանի նախկին իշխանությունների ուսերին:

Վարչապետից հետո ելույթ ունեցող Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը համամիտ չէ նման տեսակետի հետ: «Ես կտրականապես հերքում եմ այդ պատերազմում վրացական կողմի պատասխանատվության հանգամանքը: Այն մարդը, ով նման բան է ասում, կամ չի սիրում Վրաստանը, կամ լուրջ խնդիրներ ունի, կամ էլ կապված է վրաց ժողովրդի թշնամիների հետ»,- ասել է Վրաստանի նախագահը:

Իվանիշվիլին իր հերթին ընդհատել է նրա ելույթը տեղից' նշելով, որ Սաակաշվիլին պետք է առաջին հերթին խոսի այդ կոնֆլիկտում իր ունեցած պատասխանատվության մասին: