Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում տեղի կունենան ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ։

Թեկնածուների առաջադրումը մեկնարկել է օգոստոսի 8-ից և կտևի մինչև օգոստոսի 15-ը։ Այս պահի դրությամբ դեռևս առաջադրված թեկնածուներ չկան։

Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենց թեկնածուի հարցը պարզ կլինի օգոստոսի 14-ին։ «Դեռ պետք է քննարկենք, եթե առաջադրում ենք, ուրեմն կհրապարակենք թեկնածուի անունը»,- ասաց Սահակյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է' թեկնածուն լինի Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ոչ, նման թեկնածու չի քննարկվել, և ոչ էլ առաջարկություն ենք ստացել»։

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս. Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել են հրազենային վնասվածքներ։

Միջադեպից հետո Սուրեն Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում հայտնում էր մարզպետի իր լիազորությունները դադարեցնելու մասին, ինչից հետո, կառավարության որոշմամբ, Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը։

Վերջինս 2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել թիվ 38 ընտրատարածքից։