«Ա1+» կայքից տեղեկացնում են, որ երկու օր առաջ Վանի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ չորս քաղաքացիների, որոնցից մեկը «Ա1+»-ի լրագրողն էր։ Հայաստանցիները,որոնցից մեկը' կին, Վանում էին իբրև զբոսաշրջիկներ։ Պատճառը եղել է այն, որ «Ա1+»-ի լրագրողը երկրաշարժից վերականգնված շենքերը նկարահանելիս, նկարահանել է նաև ոստիկանական սպաների բնակատեղին՝ առանց իմանալու, թե ինչ շինություն է այն։ Պարզվում է, որ այդ նկարահանել չի թույլատրվում։ ՀՀ քաղաքացիներին հարցաքննել են հակա-ահաբեկչական ծառայության աշխատակիցները, որոնք նաև մոտ 3 ժամ ուսումնասիրել են տեսանյութը։ Ապա տեղափոխել են զինվորական ոստիկանություն, որտեղ ՀՀ քաղաքացիները մնացել են ևս մեկ ժամ։ Տեսանկարահանվածի ուսումնասիրությունից հետո՝ հասկանալով,որ ահաբեկչական որեւէ գործողության մասին խոսք լինել չի կարող, ՀՀ քաղաքացիներին տարել են պոլիկլինիկա՝ հետազոտության։ Բժիշկը հաստատել է,որ նրանց նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել։ «Ա1+»-ի լրագրողը պատմում է, որ դրանից հետո ոստիկանները ներողություն են խնդրել, իրենց տարել են այն վայրը,որտեղից բերման էին ենթարկել ու նույնիսկ օգնել շարունակել նկարահանումները։