ԳԱԼԱ. Վրաստանի ծովափնյա Ուռեկի քաղաքում հագուստի ամենամեծ ու ամենաէժան խանութում է աշխատում ՀՀ քաղաքացի տիկին Մանյան, ում հանդիպեցինք պատահաբար:
Ամբողջ Ուռեկիում միայն տիկին Մանյայի գլխավորությամբ աշխատող խանութի ցուցափեղկերին են մակագրված զեղչերի մասին հիշատակումներ:
Այստեղի այցելուները ոչ միայն հայերն են, այլեւ վրացիները եւ տարբեր ազգի ներկայացուցիչներ:
Մեզ խանութի դռան մոտ դիմավորողը փոքրիկ Մանյան էր՝ տիկին Մանյայի տասնչորսամյա թոռնուհին: Նա մեզ տեսնելով' բղավեց. «Տատիկ, տատիկ, արի, մարդ ա եկել, վաճառողին են հարցնում»: Հետո երբ հասկացավ, որ հայ ենք, ավելի ուրախ տոնով ու բարձր սկսեց բղավել. «Տատ, շուտ արա, էլի հայ են»:
Մինչ տիկին Մանյան խանութի երկրորդ հարկում գտնվող իր ժամանակավոր բնակարանից կիջներ խանութ, փոքրիկ Մանյան մեզ պատմեց, որ ինքն ու քույրը տատիկի հետ եկել են Վրաստան' ե՛ւ հանգստանում են, ե՛ւ աշխատում:
«Տատիկս ամեն տարի գալիս է ստեղ աշխատում է, տունը էս խանութի տերը տատիկիս է տվել, բայց մենակ ամռանը մնալու համար: Էս տարի արդեն մենք եկել ենք, որ տատիս օգնենք՝ ես ու քույրիկս, համ էլ հանգստանում ենք ստեղ, հենց սեպտեմբերն եկավ, կգնանք տուն՝ Հայաստան, որ դասի ենք գնալու»:
Տիկին Մանյան մեզ դիմավորեց հեռվում թողած հարազատի նման: Պատմեց, որ Վրաստան խոպան է գալիս ամեն տարի. «Սա էլ խոպան ա էլի, էլ խոպանը ոնց կլինի, ամռանը մի քանի ամիս գալիս ստեղ աշխատում եմ, բայց մեկ է' մեր հող ու ջրից կտրվել չեմ կարող ու չեմ էլ ուզում, արդեն սա վեցերորդ տարին է, որ գալիս սեզոնով աշխատում ու հեռանում եմ: Էս տարի աղջիկս ասաց՝ մամ, երեխեքին էլ տար' հա´մ կհանգստանան, հա´մ էլ կաշխատեն, գոնե իրանց գրքերի ու տետրերի փողը կհանեն, կօգնեն: Հիմա սրանք եկել են ստեղ, ասում են' ստեղ լավ ա, էլ գնա՞նք որ, այ մարդ, բա որ սաղս գանք ստեղ, բա մեր տներն ու՞ր թողնենք: Ո´չ, մենք ստեղ գալիս ենք, որովհետեւ գործ չկա, գալիս ենք աշխատում ու վերադառնում, թե չէ… Մեր ազգն ուրիշ է, մեր ժողովրդի ճաշակն ու մակարդակը ուրիշ է: Էս վրացիք հիմա մեզանով ու մեր փողերով են ապրում, ես ստեղ եմ, տեսնում եմ ինչ ա կատարվում ստեղ, մերոնք ինչ փող են ցփնում… Միշտ էլ ըտենց ա եղել, մեր ժողովուրդն աղա է եղել, վրացիք էլ լավ են իմանում, որ ռուսները մի հատ նեկտար են առնում, իսկ մեր հայերը' մեկ կգ: Բայց մենք մեղավոր չենք, որ այսպես է ստացվել, մեր բանն էլ այսպես է, ու մենք ստիպված ենք եկել, իրանց հողում աշխատում ենք»:
Տիկին Մանյան պատմեց նաեւ, որ իր աշխատած խանութում հիմնական այցելուները վրացիներ են, մեծահարուստ կանայք, որովհետեւ հավանում են ե´ւ տիկին Մանյայի սպասարկումը, ե´ւ իր բերած հագուստը. «Ասում են՝ տիկին Մանյա, դու մեծ ես, բայց հետաքրքիր ու նուրբ ճաշակ ունես, լավ ապրանք ես բերում…նրանք են գալիս իմ մոտ, ովքեր շատ են դուրս եկել, հետաքրքիր բաներ են սիրում, նորաձեւություն, ոչ շաբլոն ու հետաքրքիր ձեւեր…»:
Տիկին Մանյան էլի խոստացավ, որ անպայման վերադառնալու է. «Երեխեքին էսա մի քանի օրից կճանապարհեմ, բայց ես մի երկու ամիս հետո կգամ, ես այստեղ եմ ապրում, բայց սիրտս իմ երկրում է, ես այլ տեղ ապրել, աշխատել չեմ կարող»:
Քրիստինա Մկրտչյան