ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մոտ երկու տասնյակ հարցեր քննարկվեցին:

Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը նախ հրավիրեց գնումների գործընթացի վրա' կարեւորելով ինչպես մարզպետարանների, այնպես էլ համայնքապետարանների կողմից սահմանված ընթացակարգերի պահպանումը: Նշվեց, որ կարող են առաջարկություններ ներկայացվել համայնքների մակարդակով առաջացող խնդիրները կարգավորելու, ընթացակարգերն առավել պարզեցնելու վերաբերյալ:

Փոխվարչապետն անդրադարձավ կառավարության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթի հետ կապված մի խնդրի, որը մարզային հանդիպումների ժամանակ բարձրացվել է մարզերի շահառուների կողմից: Փաթեթի շրջանակում հանգստի կազմակերպման համար վերջիններս ստիպված են լինում այցելել մայրաքաղաք, համապատասխան կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերել հաճախ հանգիստը հենց իրենց մարզում անցկացնելու համար: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց գնահատել, թե դա շահառուների ինչպիսի թվի է վերաբերում եւ ներկայացնել տվյալներ' անհրաժեշտության դեպքում մեխանիզմներն ավելի հստակեցնելու եւ շահառուների համար գործընթացն ավելի դյուրին դարձնելու համար:

Քննարկված մյուս հարցը վերաբերում էր հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերին: Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել ծրագրերի արդյունավետ իրականացման մեխանիզմների վերաբերյալ' հաշվի առնելով ընթացքում արձանագրված խնդիրներն ու թերությունները, ինչպես նաեւ Գյուղատնտեսության նախարարությանը ներկայացնել աշնանային եւ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջվող պարարտանյութի եւ դիզվառելիքի անհրաժեշտ ծավալների վերաբերյալ հաշվարկներ: Ստացված առաջարկների եւ դրանց քննարկման արդյունքում յուրաքանչյուր ծրագրի մասով առանձին որոշում կընդունվի:

Փոխվարչապետն առաջարկեց նաեւ հաշվարկել, թե մարզպետարանների ենթակայության տակ գործող առողջապահական եւ կրթական հաստատությունները տարին ինչպիսի ֆինանսական ցուցանիշներով են փակելու' հաշվի առնելով նվազագույն աշխատավարձերի հետ կապված փոփոխությունները: Նա անընդունելի համարեց հնարավոր պարտքերի կուտակումը եւ առաջարկեց տեղեկություններ ներկայացնել այն հաստատությունների վերաբերյալ, որտեղ կարող են խնդիրներ առաջանալ' դրանք ուսումնասիրելու եւ ժամանակին լուծում տալու համար:

Նոր ուսումնական տարվա հետ կապված փոխվարչապետը հորդորեց մինչ ուսումնական տարվա սկիզբն ավարտել պետական ծրագրերում ընդգրկված դպրոցներում վերանորոգման աշխատանքները կամ դրանք կազմակերպել այնպես, որ չխոչընդոտեն ուսումնական գործընթացին:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաեւ հանրապետությունում 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման վերաբերյալ: Նա հանձնարարեց առաջիկայում համապատասխան հանձնաժողովների նիստեր հրավիրել եւ սերտորեն աշխատել Ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաեւ համայնքների հետ: 2013 թ. հոկտեմբերի 11-31-ը փորձնական հաշվառում կանցկացվի Արարատի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի որոշ համայնքներում:

Անդրադառնալով ոռոգման շրջանի ընթացքին' Ա. Գեւորգյանը նշեց, որ որոշ մարզերում, մասնավորապես, Արարատ, Արմավիր եւ Արագածոտն, ոռոգման կազմակերպման առումով որոշակի լարվածություն է առաջացել: Սեւանա լճից օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից արդեն վերցվել է 136 մլն խմ-ն, ուստի նա մարզպետներին հորդորեց աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ ընկերությունների, համայնքների հետ' ոռոգումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու եւ ջուրը խնայողաբար օգտագործելու համար:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ համայնքներում գերեզմանոցների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին: Նա մարզպետներին հանձնարարեց համապատասխան վերահսկողություն եւ քայլեր իրականացնել' օրենքով սահմանված պահանջների կատարման ուղղությամբ: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ՏԿ նախարարությունն առաջիկայում կառավարություն կներկայացնի ոլորտի կանոնակարգմանը վերաբերող առաջնահերթ միջոցառումների ծրագիր:

Քննարկվեցին նաեւ գյուղական համայնքների երրորդ համաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Այս տարի եւս համաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին Ջերմուկում, որին բացի համայնքապետերից, մասնակցելու են ավագանու անդամներ, համաժողովի շրջանակում կազմակերպվելու են նաեւ տարբեր միջոցառումներ: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց արդեն ձեւավորել համաժողովին մասնակցող մարզային պատվիրակությունների կազմերը:

Անդրադարձ եղավ ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացած ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրում փոփոխություններ կատարելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել մարզխորհրդի գործունեության արդյունավետությունը, ընդլայնել քննարկմանը ներկայացվող հարցերի շրջանակն ու կանոնակարգել նիստերի անցկացման հաճախականությունը: Ա. Գեւորգյանն առաջարկեց ծանոթանալ փաստաթղթին եւ պատրաստ լինել դրանով նախատեսված պահանջների իրականացմանը, երբ այն ուժի մեջ կմտնի:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաեւ «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքների ընթացքի մասին: Նախագծի նախնական տարբերակը կուղարկվի նաեւ մարզպետարաններ' քննարկելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար: Փաստաթղթի վերաբերյալ կկազմակերպվեն նաեւ հանրային քննարկումներ: Ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակելուց հետո միայն այն կներկայացվի կառավարություն:

Ա. Գեւորգյանը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համար մարզերում համապատասխան տարածքների վերջնական ընտրության խնդրին: Նշելով, որ մի շարք քաղաքային համայնքներում ծառայությունները հաջողությամբ գործում են' փոխվարչապետը հորդորեց սերտորեն համագործակցել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ եւ վերջնականապես որոշել նաեւ մյուս համայնքներում տարածքների ընտրության հարցը:
Խորհրդակցությանը կարեւորվեց համայնքների հողի հարկի եւ գույքահարկի բազաների ճշգրտումը' ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից եւ Ճանապարհային ոստիկանությունից փոխանցվող համապատասխան բազաների հիման վրա:

Ներկայացվեցին նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. յոթ ամիսների ցուցանիշները: Նշվեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 91 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 18,2 տոկոս է: Փոխվարչապետը մարզպետներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել ինչպես համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, այնպես էլ աշխատավարձի գծով պարտքերի մարման գործընթացը:

Տեղեկություններ ներկայացվեց նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի վերաբերյալ: Նշվեց, որ ծրագիրն արդեն ֆինանսավորվել է 77 տոկոսով, կատարված ֆիզիկական աշխատանքների ծավալը 86 տոկոս է: Զեկուցվեց, որ աշխատանքները իրականացվում են ըստ ժամանակացույցի:
Խորհրդակցությանը մարզպետները տեղեկություններ ներկայացրեցին նաեւ մարզերում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվեցին ընթացիկ մի շարք այլ հարցեր եւս:

Հասարակայնության հետ կապերի բաժին