«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօր դատարան էին բերվել գործով տուժող, մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի, ինչպես նաև' ամբաստանյալներ Գարիկ Սողոմոնյանի և Արտակ Բայադյանի' առգրաված հագուստների փաթեթները: Նշված հագուստները քննիչի կողմից զննության են ենթարկվել դեռ 2012թ օգոստոսի 20-ին: Սկզբում դատարանը հրապարակեց Վահե Ավետյանի հագուստի զննման արձանագրությունը, որտեղ նշված էր, որ փաթեթում առկա է ջինսե տաբատ, որի աջ ոտքի ծնկային հատվածում դեղնակարմրավուն հետքեր կան: Հաջորդը հրապարակվեց Գարիկ Սողոմոնյանի հագուստի զննման արձանագրությունը: Փաթեթում առկա էր սպիտակ կիսաթև շապիկ, որի օձիքը պատռված է եղել, ինչպես նաև շապիկի վրա առկա են բազմաթիվ շագանակագույն հետքեր, իսկ տաբատի աջ և ձախ ծնկային շրջաններում առկա են շրջանաձև հետքեր: Ըստ ամբաստանյալ Արտակ Բայադյանի առգրաված հագուստի արձանագրության՝ փաթեթում առկա է սպիտակ կիսաթև շապիկը, որի վրա պատռվածքներ և վնասվածքներ չեն եղել, սակայն տաբատի վրա եղել են կեղտաբծեր: Դատարանի այն հարցին՝ արդյոք տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ցանկանում է, որպեսզի դատաքննության ընթացքում կրկին անգամ հետազոտվեն վերը նշված առգրավված հագուստները, Եգորյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ նա ցանկանում է, որ այդ հագուստներն իրեղեն ապացույց ճանաչվեն: Միջնորդության քննարկումը հետաձգվեց մինչև վերջնական դատական ակտի կայանալը: