Tert.am - Սյունիքի թիվ 38 ընտրատեղամասում թեկնածու չառաջադրելու Հայ ազգային կոնգրեսի որոշումն անհիմն չէր. նրանք չեն ցանկանում գնալ քաղաքական ինքնասպանության և ժողովրդի պայքարի քաղաքական կամքը անտեղի կոտրեն. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով վստահ է, որ իշխանությունները երբեք չեն զիջի Սյունիքը, քանի որ այդ տարածքը ընտրակեղծարարության «ամենամեծ խաղաքարտն է»։

«Ի՞նչ իմաստ ունի գնալ և ընկնել ընտրակեղծարարության մուրճի տակ, ո՞վ է այն քաղաքական ինքնասպանը, որը ցանկություն ունի գնալ և նվաստանալ այնտեղ՝ այդ բոլոր ահաբեկումների և ընտրակաշառքների ներքո։ Ամեն դեպքում, մենք հեքիաթին չենք հավատում, որ Սյունիքում ահաբեկման մթնոլորտը ստեղծել է Լիսկան: Իհարկե Լիսկան՝ որպես Սյունիքի դահիճ, կատարել է իշխանությունների կամքը։ Բայց մի մոռացեք, որ Սյունիքի՝ կոնկրետ Գորիսի հիմնական դերակատարությունը Հայաստանի բոլոր ընտրություններում այն է, որ անպատիժ ձևով և դիտորդների ուշադրությունից հեռու առավելագույն քանակով կեղծված ձայներ են ապահովում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը և հիշեցրեց, որ հենց Գորիսում են զինվորականները մասնակցում ընտրություններին։

«Պատահական չէ, որ հենց այդ ընտրատարածքն ամենամեծ թվով ընտրատեղամասերն է պարունակում, որտեղ քվեարկում են զինվորները, այսինքն՝ այդ ընտրատարածքն, այսպես ասեմ, իշխանության ընտրակեղծարարության ամենամեծ խաղաքարտն է, և այդ խաղաքարտից՝ անկախ նրանից Լիսկան այնտեղ է, թե ոչ, իշխանությունները չեն հրաժարվի։ Լիսկան կարող է գնալ, բայց լիսկայության երևույթը մնալու է այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը և նրա Հանրապետական ռեժիմը շարունակեն կեղեքել այս երկիրը»- ասաց նա։

Հնչող տեսակետներին, թե ընտրախախտումների անվան տակ նույն քաղաքական ուժերը իրենց անգործությունն ու պասիվությու՞նն են թաքցնում, Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ի դեպքում անհեթեթություն որակեց։

«Լսե՛ք, ով-ով, բայց ՀԱԿ-ը այս 5 տարվա մեջ ապացուցել է իր քաղաքական համարձակությունը, որ պատրաստ է գնալ՝ եթե պետք է ամենահամարձակ քաղաքական ակցիաների, անտեսել իշխանության բոլոր դրակոնյան ճնշումները: Մենք քաղաքական այն շարժումն ենք, որը և զոհեր է տվել՝ ենթարկվելով իշխանության կողմից հրազենի կիրառմանը, հազարավոր մարդկանց տարել են, ահաբեկել և ծեծել են ոստիկանական բաժիններում, այն շարժումն ենք, որ տարիներ շարունակ 150-ից ավելի քաղբանտարկյալ է ունեցել: Ես նորից եմ ասում՝ եթե մեկը փորձում է ՀԱԿ-ին մեղադրել պասիվության կամ ոչ համարձակության մեջ, ես այդ մարդու կա՛մ ինտելեկտի, կա՛մ բարոյականության, կա՛մ սկզբունքայնության համար ցավում եմ»,- ասաց նա։

Այդ դեպքում ինչու՞ է նույն ՀԱԿ-ն այսօր ինքնասպանություն համարում պայքարի մեջ մտնել մի ընտրատեղամասում, որտեղ ընտրություններին արդեն տրվել է «հերթական աներձագային ընտրություն» ձևակերպումը (այսինքն՝ ՀՀԿ թեկնածուին ոչ ոք չի տեսել, չի ճանաչում, բայց վստահ են, որ նա կհաղթի), Զուրաբյանը հակադարձեց. «Ես նկատի ունեմ քաղաքական ինքնասպանություն, խոսքը ֆիզիկական ինքնասպանության մասին չէ։ Այսինքն՝ որ մենք չկոտրենք պայքարելու ժողովրդի քաղաքական կամքը։ Եթե դուք ինչ-որ քաղաքական ռազմավարություն եք մշակում, պետք է այնպես անել, որ դրա իրականացման հետևանքով ժողովրդի վճռականությունը, պայքարելու կամքը ոչ թե պակասի, այլ մեծանա: Գնալ, նման անհույս մի տարածքում պայքարել՝ միամտորեն հավատալով իշխանության քարոզչության հեքիաթներին, որ իբր Լիսկան ավարտված է այնտեղ, դա կնշանակեր քաղաքական մանկամտություն և նաև՝ ժողովրդին սադրանքի տանելու մտադրություն։ Քաղաքական ռազմավարությունը պետք է լինի համարձակ, բայց նաև հաշվենկատ, որպեսզի ժողովրդի ոգևորությունը երբեք չկոտրվի»։

Թե ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի՝ ժողովրդին պայքարի տանելու հաջորդ, ավելի իրատեսական քայլը, ՀԱԿ կուսակցության անդամը նշեց, որ առաջիկայում ՀԱԿ-ը լրջագույն քննարկումներ է ունենալու այդ ուղղությամբ։

«Լրջագույն մարտահրավերների և ընտրությունների առջև ենք կանգնած և ՀԱԿ-ը լրջագույն քննարկումներ է անցկացնելու այս ուղղությամբ։ Հենց այդ նպատակով, որպեսզի մեր դիրքորոշումները հստակեցվեն»,- ասաց նա։

Ի դեպ, Լևոն Զուրաբյանը հրաժարվեց խոսել Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ՀԱԿ-ի դիրքորոշման մասին։
«Կոնկրետ այդ հարցին անդրադառնալ չեմ ցանկանում, որովհետև ես կարծում եմ՝ կլինեն լուրջ քննարկումներ այդ հարցով և բարձրացված հարցի և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ իրավական բոլոր ասպետներից կհետազոտենք, որից հետո ժողովրդի առաջ հանդես կգնանք մեր դիրքորոշումներով»,- ասաց նա։