Lragir.am - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մասնակցել է օգոստոսի 12-ին մեկնարկած «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:
Սերժ Սարգսյանը նաեւ պատասխանել է երիտասարդների հարցերին: Բազե հավաքի մասնակիցները նշել են, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը լավ հնարավորություն է Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և սփյուռքից ժամանած հայ երիտասարդների համար միմյանց հետ շփվելու, Հայաստանի մասին գիտելիքները հարստացնելու, ինչպես նաև նոր գաղափարներ ու ծրագրեր մշակելու և քննարկելու համար: Երիտասարդները Սերժ Սարգսյանին պատմել են նաև այս օրերի ընթացքում պետական, քաղաքական, հասարակական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների մասին, նշել, որ փորձել են «Բազե-2013»-ի շրջանակներում կազմակերպված բոլոր մրցաձևերում առավելագույնս դրսևորել իրենց գիտելիքներն ու կարողությունները:
Սերժ Սարգսյանին ուղղված բազմաթիվ հարցերի շրջանակում երիտասարդներին հետաքրքրել են քաղաքական, տնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևոր և արդիական մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը վերոնշյալ հարցերի շուրջ իր տեսակետներն ու դիրքորոշումներն է ներկայացրել երիտասարդներին: Մասնավորապես՝ զրույցի ընթացքում երիտասարդներին հետաքրքրել են պետության կողմից երիտասարդներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է Նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ' մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին, ինչպես նաև մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին Ադրբեջանի հայտարարություններին վերաբերող հարցին՝ նշելով, որ սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար և ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա:
Հիշեցնենք, որ այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: