2009թ-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած Գևորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ Հայաստանում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը ոչ բավարար է, որի համար ըստ նրա՝ իրենց բաժին մեղքն ունեն ոչ միայն գործատուները, այլ նաև աշխատողները։

«Միշտ էլ, տնտեսական վայրիվերումներին զուգահեռ, ամենաառաջինը տուժում են մարդկանց աշխատանքային իրավունքները, քանի որ իրենց արտադրատնտեսական շահերից ելնելով՝ գործատուները ստիպված են լինում շրջանցել աշխատանքային օրենսդրությունը, կրճատել հաստիքներ, փոփոխել աշխատողների աշխատանքի պայմանները, աշխատողներին ազատել աշխատանքից, որը զուգորդվում է աշխատողների իրավունքների ամենատարբեր խախտումներով»,– լրատվամիջոցներից մեկին ասել է նախկին նախարարը:

Հետաքրքիրն այն է, որ ոչ այնքան հեռավոր 2009 թվականին Հայաստանում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը առավել բարվոք չէր, քան այսօր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը այդ փաստը պետք է առավել մտահոգեր, որովհետև այդ խախտումները առավել խոցում են հենց այդ համակարգը: Սակայն համացանցում փնտրեցի այդ օրերի որևէ գործուն քայլ, որ նախկին նախարարը արել է իրավիճակը փոխելու համար, և, պատկերացնումն եք, չգտա: Երևի նախարար նշանակվելիս վարչապետը իր նախարարներին վարդագույն ակնոցներ է բաժանում: Թե չէ չորս տարի առաջ առավել երիտասարդ նախարարի տեսողությունը ավելի սուր պետք է լիներ, թերությունների դեմ պայքարելու ոգին' առավել բարձր...

Վարուժան Բաբաջանյան