Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Ինգա Հ.-ի գործի դատավարությունը: 4 երեխաների մայր է 37-ամյա Ինգան: Նրա երեխաները ծնվել են իրար հետևից՝ 1993, 1994, 1995, 1996 թվականներին ու հիմա 17, 18, 19, 20 տարեկան են: Ինգան նրանց ունեցել է 17, 18, 19, 20 տարեկանում: Այս պարբերությունից հետո դժվարությամբ է գրվում այն, ինչի համար Ինգան մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով: Գրում է shamshyan.com-ը:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի հունվարի 26-ին նա ապօրինի մուտք է գործել Պուշկինի փողոցի շենքերից մեկում վարձակալությամբ բնակվող ԻԻՀ քաղաքացի Հեյդար Ղոլամռեզայի Աշրաֆիի բնակարան, ննջարանի զգեստապահարանում կախված բաճկոնի գրպանից գաղտնի հափշտակել է 6500 դոլար և 1200 եվրո: Ինգան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Հիշյալ բնակարանի դուռն Ինգան բացել է իր մոտ պահվող բանալիով: Նա այդ բնակարան մտնում-դուրս էր գալիս որպես մաքրող:

Դատարանում Ինգան հայտնել է, որ Հեյդարի հոր՝ Ղոլամռեզայի հետ ծանոթացել է 2012 թվականին: Քանի որ ինքը պարսկերեն գիտեր, Ղոլամռեզան առաջարկել է աշխատել իր բնակարանում՝ մաքրել այն: Որոշ ժամանակ անց, ըստ Ինգայի, ինքն ու Ղոլամռեզան մտերմացել են, ինտիմ կապի մեջ մտել: Հոկտեմբերին արդեն Ղոլամռեզան տվել է բնակարանի բանալին ու ասել, թե Ինգան կարող է ազատ մուտք գործել բնակարան՝ երբ ցանկանա: Նա իրեն ընդունել է որպես դուստր, բայց վերաբերվել է որպես սիրած կնոջ: Նույնիսկ առաջարկել է ամուսնանալ, խոստացել է մեքենա նվիրել:

Ամուսնության առաջարկն էլ արել է իր ընկերուհիների ներկայությամբ: Ինգայի ասելով՝ Ղոլամռեզան թույլատրել է անհրաժեշտության դեպքում գումար վերցնել պահարանում կախված բաճկոնի գրպանից: Նա ինքը շատ անգամ է Ինգային այդ գրպանից գումար տվել, և Ինգան այդ «տարողունակ» գրպանի մասին տեղյակ էր: Գիտեր նաև, որ «հարուստ» բաճկոնը Ղոլամռեզայի որդունն է՝ Հեյդարինը: Ինգան հայտնել է, թե մինչև Ղոլամռեզայի՝ Իրան մեկնելը ինքը նրան ասել է, որ դստեր նշանադրությունն է լինելու, իրեն գումար է հարկավոր: Ղոլամռեզան էլ ասել է, թե ինչքան փող պետք է՝ կարող է վերցնել պահարանում կախված բաճկոնի գրպանից: Ինքը վերցրել է միայն 6 հազար դոլար:

Նախկինում պատահել է, որ առանց Ղոլամռեզային տեղյակ պահելու՝ այնտեղից վերցրել է 5 հազար, 10 հազար դրամ, 100 դոլար: Այս անգամ վերցրած 6 հազար դոլարից ծախսել է 4500 դոլարը: Մնացածը պահել է, որ Ղոլամռեզայի վերադարձից հետո միասին մեքենա գնեն: Ինգայի մեկնաբանությամբ՝ Ղոլամռեզան դեպքից հետո հրաժարվել է իրենց մեկ տարվա կապից, որովհետև ամաչել է որդուց և ընտանիքից: Ղոլամռեզայի ընտանիքը Հայաստանում բիզնես ունի, որն իրականացնում է ՍՊԸ-ի միջոցով: Հիմնադիրն ու տնօրենը հենց Ղոլամռեզան է:

Մանրամասները` այստեղ: