Պարզվում է՝ ֆեյսբուքում ստեղծվել է խումբ, որի նպատակը գործող ազգային ժողովի լուծարումն է: Մասնավորապես խմբի հիմնադիրները կոչ են անում միանալ քաղաքացիական նախաձեռնությանը, ներկա ԱԺ-ից պահանջել օրենսդրական համապատասխան փոփոխություններով հրաժարվել համամասնական ընտրակարգից և հաստատել մեծամասնական ընտրակարգ, նշանակել ԱԺ արտահերթ ընտրություններ: Խմբի հայտարարության տեքստը տարածել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, ԵՊՀ դասախոս Բակուր Կարապետյանը, որը, ըստ երևույթին, նաև խմբի հիմնադիրներից է:

Հայտարարության հեղինակները ԱԺ-ի լուծարման անհրաժեշտությունը հիմնավորում են ԱԺ-ում գործարար - պատգամավորների առկայությամբ, որոնք օրենքներ ընդունելիս հաշվի են առնում նախ և առաջ սեփական շահերը: Ըստ նրանց՝ պատգամավորների մեծամասնությունը ունի իր սեփական բիզնեսը, իր մանդատով «տանիքավորում» է իր սեփական բիզնեսը, խուսափում հանցանքի համար պատասխանատվությունից: Իսկ դրա հետևանքներից համարում են կոռուպցիան, երկրի հարստության յուրացումը, իշխանության նկատմամբ հավատքի կորուստը, պետության անվտանգությանը սպառնացող ու վտանգավոր չափերի հասնող մարդկային ռեսուրսների արտահոսքը…
Խմբի հիմնադիրների հետ առայժմ չհաջողվեց կապ հաստատել, առաջիկայում կրկին կանդրադառնանք նրանց գործունեությանը: