Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997թթ.) Ռիչարդ Կոզլարիչը, անդրադառնալով օգոստոսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցին, նշել է, որ չի կարծում, որ այդ այցը մեծ ուշադրության է արժանացել ԱՄՆ-ի կողմից, հայտնում է haqqin.az-ը։

«Տարածաշրջանի իրավիճակին ծանոթ մարդիկ դրանում ոչ մի արտասովոր բան չեն տեսնում»,- այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է Կոզլարիչը։

«Ադրբեջանում որոշ պաշտոնյաներ ինձ ասում են, որ Բաքուն պետք է զգոն լինի, քանի որ ադրբեջանական ընդդիմությանն աջակցում է Մոսկվան։ Ինձ թվում է՝ այդ խոսակցությունները լուրջ չեն։ Պուտինի այցը կապված չէ Ադրբեջանի ներքին հարցերի հետ և միայն տնտեսական հարցերով է պայմանավորված»,-ասել է նա։

Նախկին դեսպանը նաև նշել է, որ Օբամայի վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտահոգված են, որ Ադրբեջանում կարող են հերթական, ոչ ժողովրդավարական նախագահական ընտրությունները կայանալ (նախատեսված են հոկտեմբերին)։

«Ինձ թվում է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի ակտիվ լինի ոչ միայն արդար ընտրությունների անցկացման հարցում, այլև խոսքի ազատության և հավատացյալների իրավունքների ապահովման։ Որպես կողմնակի դիտորդ՝ կարող եմ ասել, որ Ադրբեջանում բացասական գործընթացներ կան, և իրավիճակը շատ վտանգավոր է»,-ասել է Կոզլարիչը։

Դեսպանը նաև նշել է, որ երկրի իշխանությունները ներկայացնում են, թե Ադրբեջանն այժմ Արևմուտքին ավելի շատ է պետք, քան Արևմուտքն Ադրբեջանին, սակայն դա այդպես չէ։

«Վերջին 20 տարիներին Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունները կտրուկ փոխվել են։ ԱՄՆ-ն հեռանում է Աֆղանստանից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի դերը, որպես ՆԱՏՕ-ի գործողությանն աջակցող պետության, ընկնում է։ Բացի այդ, Էներգետիկ ռեսուրսների հանդեպ Եվրոպայի պահանջարկն այլևս չի ավելանում։ Եվրոպայում տեղական գազի օգտագործման գործընթաց է ընթանում։ Այդ առումով Ադրբեջանի նշանակությունն այնքան մեծ չէ, որքան առաջ։ Ընդհանուր առմամբ, եթե այսօրվա իրավիճակը համեմատենք 5 տարի առաջվա հետ, ապա կկարողանանք վստահությամբ ասել, որ Ադրբեջանի նշանակությունն Արևմուտքի համար նվազել է։ ԱՄՆ-ն ևս այժմ այլ առաջնահերթություններ ունի»,-ասել է նա։