Ավստրիալացի բժիշկներին հաջողվել է փրկել Վիկտորիա նահանգի երկու երեխաների 41-ամյա մոր՝ Վանեսսա Տանասիոյի, կյանքը, ով օգոստոսի 12-ին սրտի երկու կաթված է տարել, ինչից հետո նրա սիրտը կանգ է առել և 42 րոպե չի բաբախել: Բժիշկներն արձանագրել են, որ կնոջ մահացու վիճակի պատճառը սրտի գլխավոր զարկերակներից մեկի խցանումն է, և որոշել են շտապ վիրահատել՝ չնայած այն բանի, որ Տանասիոյի մոտ կլինիկական մահ են արձանագրել: Այն ժամանակահատվածում, երբ Վանեսսայի սիրտը չէր բաբախում, նա միացված էր նորագույն LUCAS 2 ապարատին, որն իրականացնում է մեխանիկական վերակենդանացնող գործողություններ և ապահովում է արյան հոսքը դեպի կենսական կարևոր օրգաններ, այդ թվում՝ դեպի ուղեղը: Վիրաբույժները վնասված զարկերակի ստենտավորում են իրականացրել, ինչի արդյունքում հաջողվել է վերացնել խցանումը: Այդ պահին կնոջ սիրտը սկսել է ինքնուրույն բաբախել: Վանեսսա Տանասիոն գիտակցության է եկել օպերատիվ միջամտությունից երկու օր անց: Ինչպես «Life News»-ին հայտնել է սրտաբան Վալլի Ահմարը, պարզապես զարմանալի էր հետևել նրա վերականգնմանը, մի քանի օր անց նա արդեն նստում և խոսում էր, իսկ շաբաթավերջին նրան դուրս գրեցին: Ինքը՝ Վանեսսան, գտնում է, որ իր բախտը բերել է. ինքն ապրելու երկրորդ հնարավորությունն է ստացել: «Ես չէի կարող լքել մորս և երեխաներիս: Անշուշտ, իմ ժամանակը դեռ չէր եկել»,-ասել է կինը և երդվել հանուն առողջության թողնել ծխելը: