Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և ուժային կառույցներում պաշտոններ զբաղեցնեող անձինք մինչև այսօրվա ավարտը պետք է ձերբազատվեն արտասահմանյան բանկերում իրենց հաշվեհամարներից և ակտիվներից, եթե ցանկանում են պահպանել պետական համակարգում իրենց պաշտոնը կամ մանդատը:

Նշենք, որ այս պահանջը ՌԴ-ում օրենքի ուժ է ստացել մայիսի 19-ին, իսկ պաշտոնյաներին 3 ամիս ժամանակ էր տրվել:

Հայաստանյան չինովնիկների շրջանում, տարբեր աղբյուրների հավաստմամբ, ևս քիչ չէ արտասահմանյան բանկերում գումարներ ու ակտիվներ ունեցողների թիվը:

Այդուհանդերձ, մեր քաղաքական շրջանակներում նման օրենքի անհրաժեշտության մասին առայժմ չեն բարձրաձայնում:

Այս հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ: Վերջինը կարևորեց այսօրինակ պայքարի անհրաժեշտությունը, հիշեցնելով վերջին շրջանում Կիպրոսի օֆշորային գոտու հետ կապված խնդիրների բուռն քննարկումները: Այդուհանդրձ, «յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում այն գործիքակազմը, որով պետք է պայքարի փողերի լվացման դեմ»,-նշեց Հովհաննես Սահակյանը, միաժամանակ հավելելով, որ խնդիրը կարևոր է և քննարկման արժանի:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի օրենսդրական նախաձեռնությանը հեևելու կամ ընդօրինակելու հնարավորությանը, ապա մեր զրուցակիցը չհամաձայնեց այն տեսակետին, թե ՀՀ օրենսդիրները հակված են կրկնօրինակելու իրենց ռուս գործընկերներին: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ օրենսդրական նախաձեռնությանը, ապա, ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղարի, նման առաջարկ առայժմ գոյություն չունի: