Վերաքննիչ դատարանը մերժել է նորածնին դաժանորեն սպանելու համար դատապարտված Աբովյան քաղաքի , 28-ամյա բնակչուհի Վարդուշ Ալլաբյանի վերաքննիչ բողոքը' գտնելով, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանում է ամբաստանյալի կատարած հանցանքի ծանրությանը:

Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել ամբաստանյալ Վ. Ալլաբյանի վերաքննիչ բողոքի պատճառաբանությունն այն մասին, թե իր նկատմամբ նշանակվել է խիստ պատիժ:

Նորածնին սպանած մայրը իր բողոքը հիմնավորել է նրանով, որ դատարանը հաշվի չի առել իր խնամքին մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը և իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները չկիրառելը ծանր հետևանքներ կառաջացնի ընտանիքի և երեխաների համար:

Հիշեցնենք, որ ամբաստանյալի միջնորդությամբ 1-ին ատյանի դատարանում գործը քննվել էր արագացված դատաքննության կարգով եւ Վ.Ալլաբյանը ընդունել էր առաջադրված մեղադրանքը, ըստ որի 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն ունենալով ոմն Արտակի հետ՝ հղիացել է և 2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում ծննդաբերել է արական սեռի երեխա: 2 ժամ անց տեղափոխվել է հիվանդասենյակ՝ երեխայի հետ համատեղ կացության համար: Վ.Ալլաբյանը՝ Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունենալով 2 անչափահաս երեխաներ, ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը, և քանի որ հղիությունն անցանկալի է եղել, երեխայից ազատվելու նպատակով ծննդաբերելուց հետո տեղում նրա մոտ մտադրություն է առաջացել սպանելու նորածին երեխային: Նա անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետև' ձեռքերով սեղմել նրա դեմքը, անկողնու վրայից հրել է նորածնին և նրա գլուխը հարվածել է անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին՝ նորածինը դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յ.Բաղդասարյանի նախագահությամբ, 14.06.2013թ. դատավճռում վկայակոչել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 04.04.2013թ. եզրակացությունն, ըստ որի Վարդուշ Ալլաբյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում: Նրա մոտ հայտնաբերվում են «Բնավորության փսիխոպատիկ գծեր», սակայն հիշյալ անձնային առանձնահատկությունները արտահայտված չեն այն աստիճանի, որպեսզի զրկեին նրան իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Վարդուշ Ալլաբյանին հարկ է ճանաչել մեղսունակ: «Ցուցմունք տալու ժամանակ, նա նույնպես կարող է հաշիվ տալ իր գործողություններին, ճիշտ ընկալել և վերարտադրել իր հետ կատարվածը, իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է մասնակցել դատաքննչական գործողությունների»,- նշվում է եզրակացության մեջ, որի նշված մասը ստորագրված է հանձնաժողովի նախագահ' ՀԲԿ ՓԲԸ տնօրենի տեղակալ, հոգեբույժ-փորձագետ' Ա.Գևորգյանի և բժիշկ-զեկուցող հոգեբույժ-փորձագետ' Վ.Բաբայանի կողմից:

Միաժամանակ, ըստ եզրակացության, Վարդուշ Ալլաբյանը հանցավոր արարք կատարելու պահին հետծննդաբերական շրջանում գտնվել է շփոթվածության, պատվախնդրության, տագնապի անելանելիության վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա /եզրակացության վերը նշված' հոգեբանական մասը ստորագրված է մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, պրոֆեսոր, հոգեբան-փորձագետ' Է.Գրին-Աբրահամյանի կողմից/:

Այսպիսով դատարանը գտել է, որ «ամբաստանյալ Վարդուշ Ալլաբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով ապացուցված արարքը կատարել է մեղսունակության վիճակում»:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը արագացված դատաքննության միջնորդությամբ ընդունել է մեղքը, զղջացել է կատարվածի համար, Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունի երկու մինչև 14 տարեկան երեխաներ' Խաչատուր և Մարտին Սարոյի Մովսեսյաններ, ծնված' համապատասխանաբար' 27.07.2003թ.-ին և 31.12.2005թ.-ին, տուժողի իրավահաջորդը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, կին է, երիտասարդ է: