ԳԱԼԱ-ն զրուցեց Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի հետ.

-Պրն. Կարապետյան, ի՞նչ եք մտածում՝ թիվ 38 ընտրատարածքում Ձեզ կհաջողվի հաղթել:

-Դե եթե չմտածեի, չէի առաջադրվի:

-Իսկ Ձեր համոզմունքը կապ ունի՞ այն հանգամանքի հետ, որ ՀՀԿ-ն է Ձեզ առաջադրել:

-Այո, այո, լավ կլինի:

-Այսինքն մտածում եք, որ վարչական ռեսուրսը կաշխատի Ձե՞ր օգտին:

-Չէ, ինչի՞ ռեսուրսը, մեր ժողովուրդը ում ուզում ա, նրան էլ ընտրում ա:

-Որ ՀՀԿ-ն է Ձեզ առաջադրել, Ձեր օգտին չի՞ աշխատի:

-Ինչի՞ չի աշխատի, իհարկե կաշխատի:

-Առաջադրված մյուս թեկնածու Սամվել Հայրապետյանը համոզված է, որ ինքն է հաղթելու:

-Դե թող հաղթի, ժամանակը գա, ամեն ինչ կերևա:

-Նախագահական ընտրությունների ժամանակ Ժառանգությունը հաղթել է Կապանում, իսկ առաջադրված թեկնածուն էլ նախկին ազատամարտիկ է, չե՞ք վախենում, որ կպարտվեք:

-Ժամանակը կգա, կտեսնենք:

-Իսկ այն հանգամանքը, որ ինքը նախկին ազատամարտիկ է, մտավախություն չկա՞, որ ավելի շատ ձայներ կարող է ստանալ:

-Ժամանակը կգա, կիմանաք:

-Պրն. Կարապետյան, շատերը խոսում են այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետն է առաջարկել Ձեր թեկնածությունը՝ ելնելով Ձեր լավ հարաբերություններից:

-Իմ թեկնածությունը առաջադրել է կուսակցությունը:

-Իսկ նախկին մարզպետի հետ մտերիմ չե՞ք:

-Ես ոչ միայն նախկին մարզպետի, այլև նոր մարզպետի հետ եմ մտերիմ:

-Շատերն ասում են, որ Դուք Խաչատրյանի կողմից առաջադրված թեկնածու եք, և վերջինս ցանկանում է Ձեր միջոցով ինչ-ինչ հարցեր լուծել:

-Ոչ միայն Սուրեն Խաչատրյանը, այլև ոչ մեկը իր կամքը չի կարա ինձ թելադրի. մենակ ժողովուրդը, ինձ ընտրողները կարան թելադրեն:

-Մտածու՞մ եք, որ ժողովուրդը Ձեզ կընտրի՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունն է Ձեզ առաջադրել:

-Շատ եմ համոզված:

-Գորիսի դեպքերի հետ կապված ի՞նչ կասեք:

-Հարցը իրավապահ մարմինների մոտ է, եթե շատ եք ուզում իմանալ, զանգեք իրավապահ մարմիններին, իրանք կասեն:

Սեդա Ղուկասյան