Վազգեն Խաչիկյանի դատավարությունը, անշուշտ, հասարակական մեծ հնչեղություն ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով։ Դրանք են' 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը' «յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից», 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը' «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», ինչպես նաեւ 314-րդ հոդվածը' «պաշտոնեական կեղծիքը»: Պաշտոնական վարկածը, իհարկե, շողշողուն է և ամբողջովին տեղավորվում է շոուի տրամաբանության մեջ:

 

Առանձնապես խոշոր չափերի յուրացումների մեջ մեղադրվող մարդը ամիսներ շարունակ մնում է ազատության մեջ, այդ ընթացքում որևէ աղաղակող նորություն քրեական գործի մեջ չի հայտնվում, բայց մի գեղեցիկ օր Վազգենին ձերբակալում են: Եթե խնդիրը իսկապես չարաշահումներն են՝ ինչու՞ Վազգենը չձերբակալվեց 2010 թ. դեկտեմբերին, երբ չարաշահումների փաստը բացահայտված էր: Այսինքն շուրջ երկու տարի մարդուն հնարավորություն տվեցին վայելելու՞ գողացված միլիոնները: Բանն այն է, որ ձերբակալությունը կարող է ունենել երկու պրիմիտիվ դրդապատճառ: Չարաշահումների հետ կապված Սերժ Սարգսյանի կողմից կառավարությունում մի շարք հայտնի խորհրդակցությունից հետո պետք է մեղավորների հիթ-շքերթ սկսվեր, իսկ Վազգեն Խաչիկյանի գծով այդ անելը շատ հեշտ էր՝ պատրաստի թղթապանակը փոշոտվում էր համապատասխան ատյաններում: Այդ օրերին ընթանում էր նաև «Սիվիլիթաս»-ի գործով հայտնի նախաքննությունը և Վարդան Օսկանյանի հնարավոր ձերբակալության միջազգային աղմուկի դեպքում շատ գեղեցիկ հակափաստարկ կլիներ՝ մենք ձերբակալեցինք իշխանությունը ներկայացնող անձին՝ ֆինանսական չարաշահումների համար, հետևաբար ընդդիմադիր Օսկանյանի ձերբակալությունը չի կարող քաղաքական հետապնդում լինել, որովհետև օրենքի առաջ բոլորը հավասար են...

 

Բոլորովին չփորձելով կասկածի տակ առնել քննչական մարմինների պրոֆեսիոնալիզմը՝ մի փոքր էքսկուրս կատարեմ դեպի ոչ հեռավոր անցյալը: Վազգեն Խաչիկյանին ճանաչում եմ դեռ այն տարիներից, երբ նա ԱԺ պատգամավոր էր: Համեստ, զուսպ կենցաղով տղա էր, շրջում էր հիմնականում ոտքով, անձնական փոխադրամիջոց չուներ: Երբ նշանակվեց սոցապ հիմնադրամի նախագահ՝ Երևանում բնակվում էր վարձով, օգտվում էր ծառայողական ավտոմեքենայից, կրկին անձնական մեքենա չուներ: Երբեք իրեն շռայլություններ թույլ չէր տալիս: Միգուցե ես մասամբ սխալվում եմ, սակայն նմանատիպ հսկայական հարստություններ գրպանած մարդու կենցաղը պետք է որ ավելի ցոփ ու շվայտ լիներ: Հետևաբար իմ համոզմունքը, որ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը ունի շոուի երանգ, զուրկ չէ հիմնավոր լինելուց...

 

Այս համատեքստում միանգամայն հնարավոր է, որ Վազգեն Խաչիկյանը ծառայեց որպես խայծ՝ ավելի խոշոր ձկներին կոնսերվացնելու համար...

 

«Փաստինֆո» գործակալության՝ սույն թվականի օգոստոսի 22-ին հրապարակած նյութում նկարագրվում է, թե ինչպես էր նա տարածքային բաժինների պետերին կանչում իր մոտ՝ պահանջելով վերականգնել կենսաթոշակների կրկնակի վճարումների արդյունքում պետությանը հասցված միլիոնավոր դրամների վնասները:
Ահա այսպիսի փաստեր: Քավ լիցի, Խաչիկյանին պաշտպանելու որևէ միտում չունեմ՝ ինքը ներքուստ ավելի լավ գիտի իր անմեղության և մեղավորության չափը: Ուղղակի ցանկալի կլիներ սահմանազատել շոուն իրականությունից:

 

Վարուժան Բաբաջանյան