23 տարի առաջ այս օրը' 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով հռչակվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

 

Անկախության հռչակագիր...

 

Անկախության հիմնաքարը, պետության կայաման առաջին քայլը, Հայրենիքի վերածննդի առաջին ճիչը...
Հայ ժողովրդի՝ իր պետության հանդեպ ունեցած իրավունքների սեփականության վկայականը:
Հիշենք Հռչակագրի կարևոր դրույթներից մեկը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։ Ցավոք, այդ հռչակագրային ժողովուրդը բոլորովին այլ ժողովուրդ է, որ ապրում է մեր մեջ, մեր կողքին, բայց մեզանից վեր: Այդ հռչակագրային ժողովուրդը սեփականաշնորհեց պետությունը՝ մեզ՝ հասարակներիս՝ թողնելով միֆական Հայրենիքը: Հռչակագրի փիլիսոփայությունից հեռացած պետությունը սվիններով է ընդունում իր քաղաքացիների՝ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված ցանկացած փորձ՝ Հյուսիսային պողոտայի տարածքից դաժանաբար վտարված քաղաքացիներից մինչև Կոմիտաս 5:

 

Հռչակված նպատակներն ու իղձերը արդեն քմծիծաղ են հարուցում: Հիմա արդեն մեզ զգում ենք խաբված, մեր հույսերը՝ վաճառված, մեր անկախությունը՝ բռնաբարված:

 

Հայաստանի անկախությունը կոպեկներով վաճառվեց՝ առանց աճուրդի: Վաճառվեց քայլ առ քայլ, վաճառվեց լկտիաբար՝ փոշիացնելով բեկորված Հայրենիքի համար պայքարի ելած և արյուն տված մարդկանց ջանքերը:

 

Բայց ամեն ինչ դեռ կորած չէ: Աշխարհում ոչինչ դեռ վերջնականապես կորած չէ: Միշտ էլ կա հետդարձի ճանապարհ: Մի գուցե այդ ճանապարհը խրթին է, դեռ հայտնաբերված չէ, բայց կա: Պետք է որոնել: Հետո արդեն ոչ մի գին չենք կարող վճարել՝ կոպեկներով խուրդված մեր անկախության արժեքը վերականգնելու համար:

 

Շնորհավոր ծնունդդ, հռչակագի՛ր: Քո ակունքներին դեռ կվերադառնանք...

 

Վարուժան Բաբաջանյան