Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած երեք երիտասարդներից Սուրեն Սահակյանի և Վահագն Մինասյանի հանդեպ ոստիկանության կողմից վարչական բերում է իրականացվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

Վերջիններիս փոխանցմամբ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, որից հետո տղաներն ազատ կարձակվեն:

Բերման ենթակելու պատճառը քաղաքապետարանի դիմաց տղաների բարձրախոսով կոչերն էին: Նրանք կոչ էին անում քրեական տարրերից ազատել քաղաքապետարանը, մասնավորապես, պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին:

Նշենք, որ վերը նշված պահանջով Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը և Գոռ Առաքելյանն արդեն 30 օր է նստացույց են անում: