Galatv.am - Օֆշորային հայտնի սկանդալից հետո, ինչպես հայտնի է, մի քանի լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Կիպրոսից ստացված փաստաթղթերում բացակայում են ինչպես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, այնպես էլ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները: Հատկանշականն այն է, որ սույն տեղեկատվությունը հաստատեցին նաեւ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Մինչդեռ ՀՀ ոստիկանությունը որեւէ կերպ չի ցանկանում հրապարակել այդ փաստաթուղթը: ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել էր, թե նախաքննության գաղտնիությունից ելնելով չեն հրապարակվում այդ փաստաթղթերը:

Մինչդեռ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ եթե ՀՀ ոստիկանությունը չի հրապարակում այդ փաստաթղթերը՝ պատճառաբանելով, թե նախաքննության գաղտնիություն կա, ապա ի՞նչ հիմքով է ի սկզբանե ՀՀ կառավարությունը նման հայտարարություն անում, համաձայն որի վարչապետի եւ սրբազանի ստորագրությունները տվյալ փաստաթղթերում առկա չեն:

«Եթե կառավարությունը հրապարակել է նման տեղեկատվություն, ապա ի՞նչ հիմքով են դրանք հրապարակվել, եթե գաղտնիք է: Օֆշորները ընդհանուր առմամբ նրա համար են, որպեսզի հարկերից խուսափեն: Այդ դեպքում հարկ վճարողը չգիտի՞, թե ինքը որտեղ ինչ է գրանցում: Այսինքն ուզում եմ քիչ հարկեր վճարեմ, բայց ես չգիտեմ, թե որտեղ եմ գրանցվում, հա՞: Օրինակ Հայաստանի կազմակերպություններից ոմանք գրանցված են Ղարաբաղում, եթե ինքը գնացել է Ղարաբաղ գրանցվել է որպես օֆշորային ընկերություն, ստացվում է՝ ցանկանում է հարկեր քիչ վճարել»,- ասել է փաստաբանը:

Հարություն Բաղդասարյանի գնահատմամբ կառավարությունից նման տեղեկատվություն տարածելու իրավունք չունեին: «Կառավարությունը այս պահին իրավունք չուներ հրապարակել այդ ինֆորմացիան, քանի որ գլխավոր դատախազի ցուցումով ընթանում է նախաքննություն, այսինքն իրենք հրապարակել են նախաքննության գաղտնիությունը, պետք է, որ քննիչը արգելեր նման ինֆորմացիայի հրապարակումը»,- մեզ հետ զրույցում նշել է Հ. Բաղդասարյանը: Այնուամենայնիվ, ըստ փաստաբանի, եթե նման ինֆորմացիա հրապարակել են, ապա պարտավոր են հրապարակել նաեւ փաստաթղթերն ամբողջությամբ:

Մանրամասները՝ այստեղ: