Tert.am -  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը և ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստանի իշխանություններին ուղղված «անխտիր բոլորի» իրավունքները հարգելու կոչին հակադարձ համեմատական մեկնաբանություններ են տալիս:

Tert.am-ի հարցին, թե այդ կոչն արդյոք ընկալելի՞ է պարզ մեծամասնության կողմից, Արթուր Սաքունցը պատասխանեց՝ ասելով, որ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս ՀՀ քաղաքացիներին բացատրելու, որ վավերացնելով բազմաթիվ միջազգային պայմանագրեր ու կոնվենցիաներ («Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը», «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան» և այլն) և, վերջապես, միանալով Եվրոպայի խորհրդին, Հայաստանը պարտավորվել է իր իրավական համակարգը ձևավորել այդ միջազգային կառույցների չափորոշիչների հիման վրա:

«Ապահովելու այնպիսի միջավայր, որ նման կողմնորոշում ունեցող քաղաքացիների իրավունքները հարգվեն և ունենան ինքնարտահայտման հնարավորություն: Եթե պետությունը սա պատշաճ չի բացատրում, դա նույնպես խտրականություն է: Ես ամրագրում եմ, որ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս՝ հանձին Հանրային հեռուստատեսության, որը գործում է հարկատուների, այդ թվում՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների տված հարկերով»,- ասաց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Amnesty International-ն իր զեկույցում փաստելով, որ անկախությունից ի վեր Հայաստանում շատ բան է արվել քաղաքական ու քաղաքացիական ազատություններն ընդարձակելու համար, այդուամենայնիվ նշել էր, թե մինչ օրս լիովին չի իրագործվել տեսակետների ազատ արտահայտումը երաշխավորելու և խտրականության դեմ պայքարելու ուղղությամբ տարվելիք քաղաքականությունը: Այն է՝ անխտիր բոլորի ազատ արտահայտման ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքների առումով, այդ թվում՝ կառավարության ընդդիմախոսների, կրոնական ու սեռական փոքրամասնությունների:

Պաշտոնական Երևանին տրված հանձնարարականների շարքում Amnesty International-ը նաև հորդորում է քայլեր ձեռնարկել, որպեսզի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները չենթարկվեն խտրական վերաբերմունքի՝ ո՛չ օրենսդրությամբ, ո՛չ էլ իրական կյանքում:

Եվ բերված են կոնկրետ օրինակներ, այդ թվում՝ DIY ակումբի վրա անցած տարի կատարված հարձակումը, որն իշխող կուսակցության խոսնակ էդուարդ Շարմազանովը բնութագրել էր որպես «հասկանալի և արդարացված», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի կոչը՝ պայքարել համասեռամոլության տարածման դեմ՝ դա որակելով որպես ազգային անվտանգության խնդիր:

Իսկ օրինակ՝ «Գենդերի մասին» օրենքին խիստ դեմ արտահայտվող ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը հարցին մոտենում է լրիվ հակառակ տեսանկյունից:

«Ես հարգում եմ Արթուր Սաքունցին որպես իրատես մարդու ու իրավաբանի, ես չգիտեմ, թե նա ինչպես է մեկնաբանում, բայց ես հավատում եմ, որ այս գործելաոճն այս իշխանությունների ձեռագիրն է: Որ իրենց լեգիտիմությունը ճանաչելու համար համաձայն են, որ նման օրենքներ ընդունվեն, հետո էլ դրանք պարտադրեն ժողովրդին»,– ասաց նա։
Ներողություն խնդրելով արտահայտության համար, ազատամարտիկը նշեց, որ որպես հայ ու քաղաքացի՝ «թքած ունի» զանազան «ինթերնեյշնլների» վրա: