Օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու պատվիրակությանը' գլխավորությամբ Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոս Ջեոֆրի Ռոուելի և ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատվիրակությանը ծանոթացրեց Մայր Աթոռի ներկայիս գործունեությանը, ինչպես նաև ընդգծեց Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր կյանքում: Այնուհետև անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների միջև հարաբերություններին, կարևորվեց էկումենիկ երկխոսությունների զորացումը, ինչպես նաև համատեղ ջանքերի գործադրումը հանուն արդարության հաստատման և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջաստին Ուելբիին: