«Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան եւ քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հաղորդում են ներկայացրել ոստիկանություն ոստիկանական մեքենայում Կիվիրյանին ծեծի ենթարկելու փաստով:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին օգոստոսի 24-ին ակցիայի վայրից ծեծելով տեղափոխել էին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիր բաժանմունք: Նշված օրը նա ոստիկանական ավտոմեքենայից հարցազրույց էր տվել ԳԱԼԱ-ին՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցածից եւ ասել էր, որ իր դեմ բռնություն է կիրառվել եւ ճանապարհին նրան ծեծելով արյունոտված դեմքով են տարել ոստիկանություն:

Այսօր նրա փաստաբան Լուսինե Սահակյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց մանրամասներ նրա առողջական վիճակից եւ առաջիկա անելիքներից:

«Կիվիրյանը հիմա հիվանդանոցում է, հետազոտությունների է ենթարկվում, հետազոտությունների ավարտից հետո բժիշկները եզրակացություն կտան՝ ինչ վիճակում է նա: Իսկ իրավական առումով ասեմ, որ մենք հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ոստիկանություն, այսօր էլ ներկայացնելու ենք ՀՔԾ»:

Փաստաբանները տեղեկացնում ենք նաեւ, որ օգոստոսի 24-ի ուշ գիշերը Արգիշտի Կիվիրյանը հիվանդանոցից տուն էր գնացել՝ թեև բժիշկները նրան խորհուրդ են տվել մնալ հիվանդանոցում, սակայն ծեծի հետևանքով գլխուղեղի ցնցում ստացած Ա.Կիվիրյանը հայտնել էր բժիշկներին, որ իրեն ավելի հանգիստ կզգա տանը: Սակայն այսօր նրան դարձյալ տեղափոխել են հիվանդանոց: Որքան ժամանակ կմնա քաղաքացիականն ակտիվիստը հիվանդանոցում' կախված է բժիշկների հետազոտությունների արդյունքներից:

Մանրամասնեը` այստեղ: