Օրերս ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել էր սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին եւ մի միտք արտահայտել, որը առաջացրել էր Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամների եւ մտերիմների դժգոհությունը:

Խոսելով Վազգեն Սարգսյանի մասին' Կոմանդոսը նշել էր. «Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց, բայց կային մարդիկ, ովքեր համակերպվեցին, իրենք կոչումներ ստացան, մեդալներ ստացան, պաշտոններ»: Եւ ապա հավելել էր, որ նույն այդ խմբավորումներն են վերացրել Վազգեն Սարգսյանին:

Արկադի Տեր-Թադևոսյանի այս խոսքերից հետո հնչեցին բազմաթիվ քննադատություններ:

ԳԱԼԱ-ն այսօր փորձեց ճշտել Վ. Սարգսյանի եղբոր' «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի տեսակետը:

Արամ Սարգսյանը սակայն ԳԱԼԱ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ շատ կարճ պատասխանեց Կոմանդոսի հնչեցրած բոլոր մտքերին՝ ասելով, որ ինքը այդ խաղի մեջ չկա ու չի ուզում առհասարակ որեւէ ձեւով անդրադառնալ ու պատասխանել հնչող գնահատականներին: Ապա հավելեց, որ իր մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, արդեն հարցազրույց տվել է, եւ նրա գնահատականները Սարգսյանների ընտանիքի գնահատականն է:

Մանրամասները` այստեղ: