Սերունդների կոնֆլիկտը մտնում է վճռական փուլ

Այս օրերին «հերերի» որդիները փորձում են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել քաղաքացիական արժեքներ կրող մարդկանց նկատմամբ: Բացի բռնի ուժի գործադրման փաստերից, այս միջադեպերը ցույց են տալիս, որ Հայաստանում վերջապես սրվել է սերունդների կոնֆլիկտը: Գրում է lragir.am-ը։

Առաջընթացի գլխավոր գործոնը սերունդների կոնֆլիկտն է: Այսինքն, որդիները շատ հարցերում պետք է հակադրվեն իրենց ծնողներին, վերաքննեն իրենց ծնողների արժեքները: Հայաստանում երկար տարիներ սերունդների կոնֆլիկտ գրեթե չէր նշմարվում: Որդիների ճնշող մեծամասնությունն ապրում էին այնպես, ինչպես իրենց հայրերը, լսում էին նույն ռաբիզը, նույն ադաթներով հարսանիքներ էին անում և ընտանիքներ կազմում ու, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, մեծ մասն էլ շատ արագ ամուսնալուծվում էին կամ արտագաղթում:
Ինչո՞վ են տարբերվում նստացույցի և բողոքի ելած երիտասարդները նրանցից, ովքեր իրենց «հերերի» համար պատրաստ են փողոցային ծեծկռտուք սարքել ընտանեկան բիզնեսին խանգարողների հետ: Ըստ էության, այդ երիտասարդներն արդեն ազատագրված են ընտանեկան կապանքներից ու պարտադրանքից: Նրանք կարողացել են դուրս պրծնել ծնողների «դու մի խառնվիր, գործ չունես, փողոց դուրս մի արի» և նման այլ ուղղորդումներից: Նրանք իրենց սեփական կյանքը կառուցում են բոլորովին այլ' անհատի ազատության և հանրային համերաշխության մշակույթի հիման վրա:

Ազատության այս մշակույթը Հայաստանում երկար տարիներ ճնշված է եղել, քանի որ քրեական ու ընտանեկան բիզնես շահերի կրողներն ավելի մեծաքանակ էին: Միգուցե ժամանակին հենց դպրոցներ ու պետական հաստատություններ ներթափանցած կրիմինալ մշակույթի հետ չհամակերպված սերունդն է հասունանում: Իսկ հիմա այս նոր մշակույթը կրողները նաև փողոցում են օջախներ ստեղծում այդ արժեքները հանրայնացնելու և մյուսների մոտ համարձակություն արթնացնելու համար:

Իհարկե, ընտանիքի բիզնես շահի գերին դարձած «պապայի տղաների» համար նյութական բարիքները, G դասի ավտոմեքենաներն ու սանձարձակությունը մեծ նվաճումներ են: Բայց արդյոք սա է ժամանակակից հայ երիտասարդի երազանքների սահմանը: Իհարկե, ոչ: Երիտասարդների մի ստվար զանգված ձգտում է ազատագրվել, ինքնադրսևորվել և իր կյանքը փոխելու խնդիր ունի: Նրա համար ջիպերն ու արտոնյալ կարգավիճակն այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում: Նա ձգտում է ոչ նյութական արժեքների:
Սերունդների այս կոնֆլիկտը դեռ նոր է մտնում վճռական փուլ: Այն իր հետ բերում է ծնողի հետ արժեքային բանավեճի մեջ մտնելու և դրական հեղափոխականության հատկանիշները: Ծնողներին չենթարկվելը, վերջապես, ոչ միայն անհատական, այլ նաև քաղաքական հետևանքներ է առաջացնում:

Որդիների ինքնուրույն ճանապարհը հեղափոխականության ամենամեծ ներուժն ունի, քանզի լայն զանգվածների համար գայթակղիչ է դարձնում երիտասարդի այս նոր կենսաձևը: Սերունդների կոնֆլիկտն է, այն էլ հանրային կոնֆլիկտը, որ հանրության ապագայի համար նոր էներգիաների ժայթքման պատճառ է դառնում: Կափարիչն այլևս չի դիմանում, պայթելու է: