«Ոստիկանությունը «Շտապ օգնություն» չէ, որ գուրգուրի օրենքը խախտողներին»,-ասել է հայ քաղաքական մտքի հանճարներից մեկը՝ կարկառուն քաղաքական գործիչ Գալուստ Գրիգորիչը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում իշխանական կուսակցության «հենասյուն» հանդիսացող քաղաքական «գործչի» հարցազրույցում, սակայն, նկատվեցին նոր միտումներ' կապված տեղի ունեցող քաղաքացիական բողոքի ակցիաների հետ. Գալուստ Գրիգորիչը, գոնե առերևույթ, ցույց է տալիս, որ Հայաստանիս իշխանությունը վատ բան չի տեսնում դրա մեջ և դա համարում է բնականոն գործընթաց ժողովրդի՝ քաղաքացիական հասարակություն դառնալու տատասկապատ ճանապարհին: Քավ լիցի, չեմ ուզում չհավատալ նրա նման «բարձր արժեքներով» առլեցուն ու «վեհ արժեհամակարգի» տեր երեսփոխանի խոսքերին, սակայն քիչ թե շատ ծանոթ լինելով նրա հռետորական տաղանդին՝ չեմ կարող հավատալ, որ դրանք ուղղակի անգիր արած բառեր չեն: Քաղաքական մտքի ռահվիրան չի հավատում, որ հայ ոստիկանը կարող է հրել և գցել տարեց կնոջը, եթե նա ինչ-որ լուրջ վնաս չի հասցրել ոստիկանին: Բրավո՛, Գալուստ Գրիգորիչ, դուք իրոք հանճար եք. տարեց կինը կարող էր իր անեծքներով անզոր դարձնել հայ ոստիկանի հաղթ բազուկը, և դրանից խուսափելու միակ ճանապարհը նրան հրել-գցելն էր, ու ոստիկանների գործողությունները լրիվ օրինաչափ են' փակել բոլոր նրանց բերանները, ովքեր իրենց անեծքներով կարող են շարժել հայոց պետականության հենասյուները: Գալուստ Գրիգորիչը հանդիսանում է նաև «խաղաղության աղավնի» կողմերի միջև, քանի որ նրա խորին համոզմամբ՝ բնակիչներն իրավունք ունեն բակ ու լուսավոր բնակավայր ունենալ, իսկ կառուցապատողը իրավունք ունի շենք ունենալ, քանի որ նրա փասաթղթերը լրիվ կարգին են ու այստեղ մեղավոր է միայն նախախնամությունը, որ բերել է ու «երես-երես» արել հայ ժողովրդի երկու զանգվածներին: ՀՀԿ-ի երեսպարզը, իմ խորին համոզմամբ, քաղաքական կարիերայի մայրամուտին «ձեռնոցները կախելուց» հետո իր գիտելիքները պետք է ինչ-որ կերպ փոխանցի նորեկ քաղաքական գործիչներին, քանզի ուղղակի չի կարելի նման գաղափարական հենքը չօգտագործել ի շահ երկրի զարգացման:


Գագիկ Մամուլյան