Lragir.am - Ռուսական մամուլում «հայամետ» փորձագետների միջոցով կոչեր են հնչում Մոսկվային՝ ճանաչել Ղարաբաղը եւ մեկընդմիշտ լուծել տարածաշրջանում ներկայության հարցը: Նման մտադրությունների վկայությունն է ռուս լրագրողների ու հասարակական գործիչների մեծ խմբի այցը Ղարաբաղ, որոնց թվում են ոչ անհայտ Աննա Չապմանն ու Դենիս Դվորնիկովը: Ղարաբաղում գործիչներին ամենաբարձր մակարդակով են ընդունում՝ խոստանալով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ տեղեկատվական եւ այլ ոլորտներում:
Հատկանշական է, որ ղարաբաղյան քաղաքականությունում այդ միտումը հայտնվել է (կամ էլ ամրապնդվել է) Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից հետո: Չնայած նրան, որ Ռուսաստանում այդ այցը ներկայացվել է որպես հաջողված, հատկապես, Ռոսնեվտի համաձայնության ֆոնին, իրականում Մոսկվան դեռ ուշքի չի եկել Բաքվում ստացած հարվածից:
Դա առաջին հերթին կապված է վիրավորական խոսքի հետ, որը հնչեցվել է Սերգեյ Լավրովի հասցեին: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատել է, որ Բաքվում այցի ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել հայկական ազգանունով լրագրողուհու եւ հայկական արմատներով նախարարի նկատմամբ:
Մոսկվան պաշտոնապես չի արձագանքել այդ միջադեպին՝ տեսք ընդունելով, որ դա ընդունել է որպես թյուրիմացություն: Սակայն Լավրովն ու Պուտինը հազիվ թե կուլ տան այդ ամենը: Հավանաբար, նրանք արդեն անցել են Ալիեւին «պատժելուն»: Առաջին «պատիժն էլ» ռուսական ներկայացուցչական պատվիրակության այցն է Ղարաբաղ՝ ի հեճուկս Ադրբեջանի «սեւ ցուցակի»: Երկրորդն էլ ԼՂՀ ճանաչման մասին տեղեկատվական արտահոսքերն են եւ Ղարաբաղի ռազմաքաղաքական կլանումը «մնացյալ» Հայաստանի եվրաինտեգրացիայի համատեքստում:
Դեռեւս հարց է, թե ում համար դա «պատիժ» կդառնա: Ալիեւը, հավանաբար, վաղուց է ցանկանում իր վրայից գցել «ղարաբաղյան բեռը», ինչպես Սաակաշվիլին ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների նախօրեին Աբխազիան ու Հարավային Օսիան գցեց Ռուսաստանի վրա՝ ազատվելով այդ բեռից:
Ղարաբաղը ճանաչելու ու այն «եվրոպականացվող» Հայաստանից պոկելու մտադրությունը լրիվ իրական է թվում: Ճիշտ է, հասկանալի չէ, թե Մոսկվայում Ղարաբաղ ասելով ինչ են հասկանում: Հասկանալի չէ նաեւ, թե ինչպես կարձագանքի դրան Արեւմուտքը, որը նույնպես կարող է ի պատասխան ճանաչել Ղարաբաղը եւ հրավիրել ԵՄ հետ ասոցիացիայի:
Էլ ավելի պարզ չէ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը: Բանն այն է, որ Սաակաշվիլիի դերում այժմ Ալիեւն է, այլ ոչ թե Սարգսյանը, եւ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղը «գցելու» ոչ մի պատճառ չունի, եթե չլինի Ռուսաստանի մեծ ճնշումը: Սակայն հիմա ո՞վ է զգուշանում այդ ճնշումից: 

Նաիրա Հայրումյան