Օրերս Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ կառավարության կողմից ստեղծած հանձնաժողովի նիստ' Արարատի մարզպետի գլխավորությամբ և Արարատի մարզի 12 գյուղապետերի մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են Արարատի մարզի մայրուղում արագընթաց ճանապարհ կառուցելու արդյունքում առաջացած խնդիրները:

Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Արարատ Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Արարատի մարզի չորս գյուղերի բնակիչներ փակել էին Արարատի մարզի մայրուղին' պահանջելով չփակել իրենց գյուղի ճանապարհը դեպի մյուս մայթ, դեպի Մասիս քաղաք: Այդ օրը այնտեղ էր գնացել մարզպետ Էդիկ Բարսեղյանը և խոստացել, որ ինքը խնդրին հետամուտ կլինի և հարցը կբարձրացնի կառավարությունում:

Եվ ահա կառավարության ստեղծած հանձնաժողովը մարզի մայրուղու Այնթափ գյուղից մինչև Արաքս գյուղն ընկած հատվածում ուսումնասիրություններ է կատարել և որոշում է կայացվել, որ Մարմարաշեն և Բուրաստան գյուղերի հատվածներում երկու անցում կառուցվի:

«Հանձնաժողովն ասել է, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, ասել են, որ սա երկար պրոցես է, և կառավարությունը պետք է միջոցներ հայթայթի այդ հարցը լուծելու համար»,- ասել է Արարատ Նիկողոսյանը:

Նշենք, որ հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև գյուղերի բնակիչներ: Վերջիններս վստահեցրել են, որ եթե հարցին լուծում չտան, իրենք դարձյալ կփակեն մայրուղին:

Լիլիթ Թադևոսյան