Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը անդրադարձել է օրեր առաջ Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած միջադեպին՝ մասնավորապես ոստիկանի կողմից ակցիայի մասնակիցներից մեկին համբուրելուն: Շուշան Պետրոսյանն ասել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում համբույրի մեջ. «Ես գտնում եմ, որ համբույրի մեջ ինչ-որ վատ բան չկա և կարծում եմ որ սա թեմա չէ, ինչ որ բողոք բարձրացնելու համար, քանի որ այդտեղ տգեղ ոչ մի բամ չեմ տեսնում ես»:

 

Ազգային ժողովի պատգամավորուհին ցնցող հումանիտար հայտարարություն է արել: Փաստորեն ոչ մի արտառոց բան չկա այն երևույթի մեջ, որ մարդը իր պարտականությունները կատարելիս համբուրում է քաղաքացու պարանոցը: Ըստ շուշանյան շինիչ փիլիսոփայության՝ ԱԺ-ի մոտ որևէ ակցիայի ժամանակ ԱԺ պատգամավորներից որևէ մեկը, ցուցարարների բողոքներին արձագանքելուց առաջ, հումանիտար առաքելությամբ կարող է համբուրել բողոքավորներից որևէ մեկի պարանոցը: Կամ ատամնաբույժը կարող է իր այցելուի ատամը պլոմբելուց առաջ շրթունքներով հպվել նրա պարանոցին, որովհետև իշխանական կուսակցության խմբակցության պատգամավորը դրանում որևէ վատ բան չի տեսնում: Հետաքրքիր կլիներ տեսնել, թե քրեական գործ հարուցելուց առաջ ՀՔԾ-ի քննիչը ինչպես է համբուրում պոտենցիալ մեղադրյալին՝ որպես հիմք ընդունելով ՀՀ օրենսդիրի նախադեպային մեկնաբանությունը:

 

Շատ հետաքրքիր կլիներ, որ Շուշան Պետրոսյանի այդ հայտարարությունից հետո Երևանը հռչակվեր ծառայողական համբույրի միջազգային մայրաքաղաք:

 

Պատգամավորները այսուհետ պետք է շրջեն հակահամբույրային համակարգերով համալրված սպառազինությամբ թիկնազորով: Շուշան Պետրոսյանի այդ հայտարարությունից հետո չի բացառվում, որ նրանց պարանոցը համբուրել ցանկացող ՀՀ քաղաքացիների թիվը կտրուկ մեծանա...

 

Վարուժան Բաբաջանյան