Lragir.am - Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որպեսզի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ քրեական գործ հարուցվի: Սպանությունը տեղի է ունեցել Խաչատրյանի տան բակում, կրակել են նրան պատկանող զենքից, իսկ նրա դեմ գործ հարուցված չէ:
Մինչդեռ, Սուրիկ Խաչատրյանին կարծես թե նույնիսկ չեն էլ հարցաքննել, որպես վկա կամ այլ կարգավիճակով: Դա անհեթեթ է, քանի որ նրան առաջինը պետք է հարցաքննեին, սակայն նման տեղեկություն չկա:
Այն շրջանակներում, որոնց պատկանում են Հայաստանի ներկա ու նախկին պաշտոնյաները, «զապադլո» է ծանուցագրով իրավապահների մոտ գնալը, ցուցմունքներ տալը եւ արձանագրություններ ստորագրելը (բայց փողկապ կապում են): Եւ դատական-իրավապահ մարմինները ոչինչ չեն կարող անել:
Օրինակ, երբ Հարսնաքարի գործով դատարան գնաց Ռուբեն Հայրապետյանը, նա իր այդ քայլը ներկայացրեց այնպես, որ ինքն է որոշել գնալ դատարան, եւ ոչ թե ծանուցագրով է գնացել: Նա ցուցմունքներ չի տվել, հեգնական մի քանի հայտարարություն է արել եւ հեռացել:
Ավելի ցցուն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրինակը: Նա գնացել է դատարան, կրկին «սեփական կամքով», հրաժարվել է պատասխանել տուժածի փաստաբանի հարցերին, հարվածել է տուժածի հորը եւ հեռացել: Ոչ ոքի մտքով չի անցել նրան պատասխանատվության ենթարկել, քանի որ հայկական իրավապահ համակարգի համար դա սովորական իրադարձություն է:
Եթե երկրում կա մարդկանց շրջանակ, որոնց թույլատրված է ենթարկվել ոչ թե դատական-իրավապահ մարմինների ակտերին, այլ գողական օրենքներին, նշանակում է երկրում չկա արդարադատություն, կամ այն կաղում է երկու ոտքով: Նման արդարադատությունն անիմաստ է, այն միայն խանգարում է պետությանը, քանի որ դառնում է զենք կրիմինալի ձեռքին եւ պետությանն ու հանրությանը ծաղրելու օբյեկտ:
Նշանակվելուց հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր առաջնահերթություններից մեկը հռչակեց գողական մշակույթի դեմ պայքարը, թեեւ երբեմն ինքն էլ չի կարողանում զերծ մնալ գողական եզրաբանությունից: Սակայն ոստիկանության հաղորդագրությունների մեջ այդպես էլ չհայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ձերբակալել են «օրենքով գողի: Փոխարենը, կան տեղեկություններ, որ փակվում են բազմաթիվ գործեր, այդ թվում ոստիկանության համակարգում գործող ֆինանսական բուրգի վերաբերյալ գործը:
Սեպտեմբերին լրանում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունների ժամկետը: Իր «քաշային կարգով» նա Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Ո՞վ է նշանակվելու այդ պաշտոնում: Այնպիսի մե՞կը, ով ի զորու լինի հարցաքննության կանչել օրինակ Լիսկային, Նեմեցին կամ Վարդանիկին: 

Նաիրա Հայրումյան