Tert.am - Եթե համբույրը երկկողմանիորեն սպասված է գործողություն է, ապա դրանում որևէ վատ բան չկա, բայց եթե այն գործողություն է, որը վիրավորական է, իր մեջ բռնություն է պարունակում, օրենքից ու բարոյականությունից դուրս է, ուրեմն այն պետք է ենթադրի համապատասխան հետևանքներ:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ օրեր առաջ բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստ աղջկան համբուրող ոստիկանի արարքի մասին հնչեցրած կարծիքին, թե «համբույրի մեջ վատ բա՞ն կա»:

«Հիմա Շուշանը ի՞նչ նկատի ուներ, տվյալ դեպքի մասին է ասել, թե առհասարակ, ես չգիտեմ, եթե տվյալ դեպքի մասին է, կրկնում եմ, դա երկկողմանի գործողություն է, և եթե ինչ-որ մեկը մյուսին համբուրում է, դա երկկողմանի ցանկություն պետք է լինի»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքն անձամբ չի տեսել այդ տեսանյութը և լուսանկարը և նշեց, որ համբույրը, որպես սեռական բնույթի ոտնձգություն որակելիս ինքը մի քիչ զգույշ կլինի, որովհետև կարծում է՝ այդ ձևակերպումը մի փոքր չափազանցված է:

Ինչ վերաբերում է ոստիկանի իրավաչափ կամ անիրավաչափ գործողություններին, պատգամավորն ասաց, որ համապատասխան ապացույցների հիման վրա անհրաժեշտ է հարցն ուսումնասիրել, և դա պետք է ուսումնասիրեն դրա համար աշխատավարձ ստացող համապատասխան մարմիններ, որից հետո եթե գործողությունների մեջ լինի անիրավաչափ կամ անբարոյական արարք, պետք է ենթարկվի համապատասխան պատասխանատվության:

«Ես՝ որպես պատգամավոր, ավելի շատ հետաքրքրվում եմ օրենքներով, օրենքների գործածությամբ այլ ոչ թե համբույրներով և այլ հարցերով: Դրանք երկրորդ, երրորդ, չորորդ և ութերորդ բաներ են»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը։

Պատգամավորն ընդգծելով, որ ինքը որևէ բան չի պատրաստվում դիտարկել օրենքի շրջանակներից և բարոյականությունից դուրս. «Տվյալ դեպքում ինձ համար անէական է՝ ոստիկանն է ինչ-որ նմանատիպ արարք իրականացրել, թե ոչ ոստիկան, բողոքի ակցիայի մասնակցի նկատմամբ, թե ոչ մասնակցի, յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ օրենքից, բարոյականությունից դուրս արարքը պետք է ունենա իր հետևանքները»: