Սիրիայի պատերազմը, որը չի դադարում դեռևս 2011 թվականից, թվում է, թե արդեն մոտենում է իր հանգուցալուծմանը: Սիրիական կոնֆլիկտի համար թերևս վճռորոշ կարող է դառնալ քիմիական հարձակումը Դամասկոսի մոտակայքում:
ԱՄՆ մեղադրում է Սիրիայի կառավարությանը քիմիական զենքի օգտագործման մեջ, ընդ որում անում է դա' չունենալով որևէ հստակ ապացույց: ՄԱԿ-ի փորձագետները դեռ նոր են սկսել իրենց աշխատանքները, իսկ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգլը արդեն հասցրել է հայտարարել այն մասին, որ սիրիական կառավարության մեղքն ավելի քան պարզ է:
Դամասկոսն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է դիմակայելու ամերիկյան գալիք հարձակմանն ու Սիրիայում պատերազմական գործողությունների հետագա զարգացմանը: Այս մասին է վկայում նաև Բաշար Ասադի հայտարարությունն այն մասին, որ ամերիկացիներին կատարյալ տապալում է սպասվում:
Այսպիսով ներկայումս ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան քննարկում են բոլոր հնարավոր ուղիները՝ միջամտելու սիրիական պատերազմին, իսկ ահա Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և նույնիսկ Գերմանիան փորձում են գտնել սիրիական կոնֆլիկտի լուծման խաղաղ ճանապարհներ: Այս պարագայում կարելի է ասել, որ խոսքը գնում է ոչ թե Բաշար Ասադի վարչակարգին սատարելու մասին, այլ ավելի շատ խոչընդոտելու ԱՄՆ-ին' ամրապնդելու իր դիրքերը Մերձավոր Արևելքում:
Այնուամենայնիվ պատերազմը Սիրիայում հասել է իր գագաթնակետին և դժվար թե ԱՄՆ-ի պատժիչ գործողությունները սահմանափակվեն միայն թեթև ռմբակոծմամբ:

 

Շուշան Կարապետյան