Գերակա հանրային շահ հասկացողությունը Տերյան 23, 25, Լալայանց 37, Կողբացի 42, Պուշկինի 40 շենքերի դեպքում օրենքի ուժով դուրս էր եկել, իսկ այս պահին այս նոր որոշումը որ արդեն ընդունել են, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ընտրությունները ավարտվեցին ու ամբողջ ճակատով Տարոն Մարգարյանը հարձակվել է ժողովրդի վրա:

Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը, ով նաև զբաղվում է վերոնշյալ շենքերի հարցերով, ինչպես նաև այդտեղի բնակիչ է:

Նշենք, որ այդ շենքերի բակում Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփերս» ընկերության կողմից կառուցվում է բարձրահարկ շենք' խախտելով ճարտարապետական բազմաթիվ նորմեր, ինչն էլ առաջացրել է բնակիչների զայրույթը, և նրանք տարբեր մեթոդներով պայքարում են դրա դեմ, ընդհուպ մինչև դատարան հասել են, սակայն շինարարույթունը չի դադարեցվում: Իսկ այս շաբաթվա կառավարության նիստում էլ Տարոն Մարգարյանն առաջարկեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում հանրային գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ, որով նախատեսվում է Պուշկին, Ամիրյան փողոցների հարակից և Լալայանց, Տերյան, Կողբացի փողոցների հարակից տարածքներից վերացնել խառը անկանոն կառուցապատումը՝ դրա փոխարեն իրականացնելով բազմաֆունկցիոնալ կառուցապատում:

«Ես որ նայում եմ բոլոր տեղերում' Կոմիտաս 5-ը, Ամիրյան 24-ը, Սայաթ -Նովա 10-ը, բոլոր այդ շինարարությունների մասին անընդհատ ասում էին, որ Կենտրոնում շինարարություն էլ չի գնալու, չի լինելու, նույնը ԱՕՔՍ-ի շենքի հետ կապված, դա մի խայտառակություն է, որովհետև ոտքից գլուխ խախտումներ են, ու կռունկը պտտվում է ոչ միայն շինարարական հրապարակի տարածքի վրայով, այլ նաև պտտվում է բնակելի շենքի վրայով: Բացի այդ, այն պտտվում է փողոցի ու մայթի վրա, որտեղով մարդիկ են անցնում: Մենք զանգել ենք ԱԻՆ ու հարցրել ենք' ինչ է լինելու, ոնց է լինելու: Փաստորեն իրենք անտեսում են ակնհայտ խախտումները, բայց մեր կողմից եթե ինչ-որ խախտում լինում է' հասարակության կամ ակտիվիստների, նրանք միանգամից դա նկատում են: Կոնկրետ ինչ վերաբերում է մեր շենքին, ես խոստանում եմ, որ մենք կանենք տեսանելի և լսելի ամեն ինչ, ինչպես նաև հայտարարում եմ, որ մենք այս շենքերից դուրս չենք գալու և թույլ չենք տալու այդ ապօրինությունները: Եթե հիմա իրենք ուզում են ևս մի օղակ լարվածության քաղաքում, իրենք կստանան դա, որովհետև մարդիկ իրենց համար խամաճիկներ ու խաղալիքներ չեն»,- ասել է Վարդան Գերավետյանը:

Մանրամասները` այստեղ: