Երեկ Գյումրի այցելած Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին՝ ընդգծելով, որ Հայաստանը կանգնած է բավականին ծանր ու դժվար խնդիրների առաջ: Իսկ հիմնական պատճառը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, այն է, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են «օրենքից դուրս» կարգավիճակում:

«Այս իշխանությունն ու նախագահությունը գտնվում է օրենքից դուրս: Աշխարհը՝ նույն Ռուսաստանն ու Ամերիկան, գիտեն, որ այս իշխանություները չի ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին: Եթե չունենանք իրավական պետություն, չենք կարող այս տարվա ընթացքում շատ լուրջ հարցեր իրականացնել, դրա համար ես ասում եմ, որ մեր ժողովուրդը գտնվում է փաստացի արտակարգ դրության մեջ, բոլորս գիտենք այդ մասին:

Գյուլը ասում է՝ թուրքալեզու պետությունների ժողով անենք Ստեփանակերտում, Եվրոպան, Ամերիկան պնդում են նախաստորագրման վրա, Ռուսաստանը՝ ռազմավարական մեր գործընկերը, ռազմավարական զինատեսակներ է վաճառում ռազմավարական հակառակորդ Ադրբեջանին, եւ Հայաստանը մեջտեղը նստած՝ տարբեր ակոսներով՝ ազատամարտիկ, ուսանող, բանվոր, պայքարում են առանձին-առանձին: Այս ամենից մենք պարտված ենք դուրս գալու, եթե դրությունը չփոխենք: Իմ կարծիքով՝ մինչեւ նոյեմբեր շատ կարեւոր զարգացումներ են սպասվում, ինքս եւ Ժառանգությունը կողմնակից ենք Եվրոպական միության անդամակցության, եթե Եվրոպան ճանաչի Հայաստանի ազգային շահը եւ ժողովրդի քաղաքացիական իրավունքը: Ավելի կոնկրետ՝ ես կարծում եմ, որ նախաստորագրմանը զուգահեռ կամ դրանից առաջ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ եւ տարածքային ամբողջականությամբ, որպեսզի որեւէ կասկած չլինի, թե այդ Ասոցացման պայմանագիրը ինչին է վերաբերվում: Ես ինքս ծանոթ չեմ տեքստին եւ շատ կասկածելի է, թե գործող իշխանությունները ինչու չեն հարապարակում համաձայնագիրը»:

Մանրամասները` այստեղ: