Երևանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոտակոր» ընկերությունները այսօրվանից սկսում են Երևան քաղաքում ավտոկայանատեղիների համար սահմանված վճարների գանձումը: Վճարովի կլինեն ավտոմեքենաների կայանման համար նախատեսված բոլոր այն վայրերը, որանք առանձնացված են կարմիր գծանշումներով: Ավտոկայանման սակագները հետևյալն են 1 ժամը' 100 դրամ, 1 օրը' 500, 1 շաբաթը' 1000, իսկ ընթացիկ 1 տարվա համար' 12 հազար դրամ:
Ծառայությունների մասին հրապարակված տեղեկատվությունը թերի է և քաղաքացիներին բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Այսօր մեր ընթերցողները հարցնում էին, թե արդյոք ամբողջ տարվա համար վճարում կատարած վարորդը իր մեքենան մեկ տարի անընդմեջ, առանց տեղահանելու, կարող է կայանել կարմիր գծանշված վայրում: Հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերություն: Ընկերության աշխատակցուհին նախ խորհուրդ տվեց վարորդներին փոխանցել, որ այս պահին վճարեն ոչ թե մեկ տարվա սակագինը, այլև վճարում կատարեն ամսեամիս, որովհետև այս պահին վճարելով մեկ տարվա համար՝ օգտվելու են մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար, իսկ հնչեցված հարցի պարզաբանման համար ժամանակ խնդրեց: Րոպեներ անց զանգահարելով՝ պատասխանեց, որ վարորդը իրավունք ունի իր վճարման ամսաթվերի արանքում ընկած ամբողջ ժամանակահատվածի ընթացքում մեքենան նույն վայրում անընդմեջ կայանել՝ որքան կցանկանա:

 

Վարուժան Բաբաջանյան