shirakcentre.org Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: 2010 թվականին շահագործման հանձնվեց 1056 բնակարան, 2012-ին' 1756, իսկ այս տարի խոստացել էին կառուցել ևս 420 բնակարան: Այս թվերը գումարելիս ստացվում է, որ 1034 ընտանիք շինարարական ծրագրերից դուրս է մնում:

Սա՝ միայն Գյումրիում: Մոտ 400 ընտանիքի խնդիր էլ կա Շիրակի մարզի գյուղական համայնքներում: Գյումրիի այդ 1034 ընտանիքներից մոտ 400-ը մերժված են, մոտ 300 ընտանիքներ էլ տարբեր պատճառներով փաստաթղթեր չեն հանձնել ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և մինչև օրս պետության կողմից չեն ճանաչվել փոխհատուցման ենթակա անօթևաններ, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները :
Գյումրիում ևս 3500 ընտանիք էլ ապրում է վագոն-տնակներում, կիսախարխուլ շինություններում և առհասարակ հաշվառված չէ անօթևանների հերթացուցակում: Եվ այս 3500 թիվն ավելանում է, քանի որ բնակարան ստացող աճած, բազմանդամ ընտանքիներին, անկախ անձերի ներկա քանակից, հատկացվում է երկրաշարժին կորցրած սենյակների թվով, ասենք՝ 1-2 սենյականոց բնակարան, բնականաբար նման ընտանիքները մասամբ են տեղափոխվում նոր բնակարաններ, մյուս մասն էլ մնում է տնակներում ' համալրելով փոխհատուցման ոչ ենթակաների բանակը:
Եվ սա այն դեպքում, երբ ընտանիքի անդամների թվի պակասած լինելու դեպքում պակասեցվում է նաև հատկացվելիք սենյակների թիվը: Ստացվում է, որ Գյումրիում ավելանում է առանց կարգավիճակի անօթևան ընտանիքների քանակը, հասնելով 4500-ի: Այս թվի մեջ են մտնում նաև տարիներ շարունակ իրենց կիսափուլ բազմաբնակարան շենքերի ամրացմանը սպասող, տնակներում բնակվող, սակայն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում չընդգրկված ընտանիքները:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութը Գյումրու մի շարք տնակային ավանների մասին է: