ԼՂՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԼՂՀ-ի կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցություն: Հայաստանի և Արցախի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են Արցախում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը:

ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ Արցախում առաջացած հարցերի շուրջ իրենց առաջարկությունները, կիսվել հայաստանյան փորձով:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ Կենտրոնական բանկին' կազմել պատվիրակություն, մոտ ժամանակներս այցելել ԼՂՀ' այս ոլորտում առաջացած տեխնիկական հարցերի շուրջ համատեղ ուժերով լուծումներ գտնելու համար:

Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության ծրագրերը: Տեղեկացվել է, որ ԼՂՀ-ում գյուղոլորտի զարգացման համար ներդրումները տարեցտարի աճում են, մասնավորապես, մասնավոր հատվածի կողմից այս տարի գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման նպատակով ներդրվել է շուրջ 10 մլն դոլար: Գյուղտեխնիկայի ձեռքբերման համար էլ ներդրվել է 3,5 մլրդ դրամ. մեքենատրակտորային կայաններ են ստեղծվել Մարտունու և Ասկերանի շրջաններում:

Իրականացվել են նաև պարարտանյութերի և սերմերի ձեռքբերման, սուբսիդավորման ծրագրեր:
Խորհրդակցության ավարտին Հայաստանի և ԼՂՀ-ի վարչապետերի ներկայությամբ հայկական երկու հանրապետությունների գյուղատնտեսության նախարարությունների միջև կնքվել է փոխգործակցության զարգացման համաձայնագիր: