ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր միտք է արտահայտել՝ Հայաստանը որպես կռվախնձոր դիտարկող ուժերը չեն կարող երկարաժամկետ գործընկեր լինել, իսկ այ Հայաստանին միջազգային իրավունքի սուբյեկտ համարող ուժերի հետ Հայաստանը պատրաստ է ճանապարհ անցնել: Անշուշտ, հասկանալի է, որ ենթատեքստը ուղղված է Ասոցացման համաձայնագիր - Մաքսային միություն քննարկումների մասնակիցներին: Իհարկե, իշխանությունների քայլերը դրական լույսի ներքո դիտարկելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում պարոն նախարարի սահմանադրական իրավունքն է, սակայն Արմեն Աշոտյանի գրառման մեջ բավականին վտանգավոր ուղերձ կա: Արդարացնելու համար Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը՝ նախարար Աշոտյանը բացեիբաց հայտարարում է, որ Եվրոպայի համար Հայաստանը եղել է պարզապես կռվախնձոր, իսկ Ռուսաստանը մեզ համարում է միջազգային իրավունքի սուբյեկտ, որի հետ էլ մենք կշարունակենք մեր ճանապարհը: Պարոն Աշոտյանին պարզապես ցանկանում եմ հիշեցնել, որ ինքը մաս է կազմում մի կառավարության, որի փոխարտգործնախարարը բառացիորեն օրեր առաջ հայտարարել է տառացիորեն հետևյալը. «Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես»: Հիմա Հայաստանը դառնում է Միության անդամ, բայց, ըստ նույն կառավարությունը ներկայացնող Արմեն Աշոտյանի, դա արվում է այն պատճառով, որ հենց Ռուսաստանն է մեզ համարում միջազգային իրավունքի սուբյեկտ: Իսկ Եվրոպան մեզ դիտարկում է որպես կռվախնձոր: Բայց Հայաստանը, առնվազն վերջին չորս տարում, հաճույք է ստացել կռվախնձորի իր կարգավիճակից՝ վայելելով եվրոպայից ուղարկված դրամական միջոցները: Մենք բազմիցս հայտարարվել ենք եվրոպական ուղղության և արժեքների հետևորդ: Վերջին առնվազն մեկ-երկու ամսում ՀՀ իշխանությունների ներքին քարոզարշավը ուղղված է եղել՝ նախապատրաստելու Ասոցացման համաձայնագրի կնքումը:

 

Ներքուստ, միգուցե, ինքս կողմ եմ, որ Մաքսային միությանն անդամակցելու օբյեկտիվ պատճառներ Հայաստանը ավելի շատ ունի, սակայն հստակ գիտեմ նաև, որ անդամակցության գործընթացը եղել է ոչ թե ՀՀ սուվերենությունը հարգելու՝ ռուսական կողմի հեզաճկուն դիրքորոշմամբ, այլ մեր ինքնիշխանության վրա բռնանալու ռուսական մեթոդով:
Այս պարագայում մեջքը շրջել դեպի եվրոպական ուժեր ու հայտարարել, որ մենք ընտրեցինք ռուսաֆիկացման ուղին, որովհետև դուք մեզ դիտարկում էիք որպես կռվախնձոր, իսկ Ռուսաստանը՝ սուվերեն պետություն, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ:
Ավելի սքանչելի կլիներ, որ իշխանությունների աջ ձեռքի գործողությունները ձախի հետ միմյանց չհակասեին: Որպեսզի նրանց արդարացնելու համար բառամթերք որոնելու կարիք չլիներ...

 

Հարգանքներիս հավաստիքը...

 

Վարուժան Բաբաջանյան